ՀՀ վարչապետը և Իսրայելի նորանշանակ դեսպանը կարևորել են կոնկրետ արդյունքների միտված ծրագրերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության նորանշանակ դեսպան Յոել Լիոնին (նստավայրը՝ Երուսաղեմ):
Վարչապետը շնորհավորել է Իսրայելի նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման:
Դեսպան Լիոնը պատիվ է համարել Հայաստանում դիվանագիտական ծառայությունը և հավաստիացրել, որ առավելագույն ջանքեր կներդնի երկկողմ կապերի խորացման ուղղությամբ:
Զրուցակիցներն ընդգծել են հայ-իսրայելական փոխգործակցության դաշտում մեծ ներուժի առկայությունը և կարևորել կոնկրետ արդյունքների միտված ծրագրերը:
Մտքեր են փոխանակվել երկկողմ օրակարգի զարգացման ուղղությամբ անելիքների շուրջ: