Սիրելի՛ հայրենակիցներ, Բացի հայ ազգի անցած ճանապարհից և ապագայի հորիզոնից, դեպի ուր ձգված են մեր հայացքները, բոլորիս միավորում է նաև հայոց պետության Սահմանադրությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Շնորհավորելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ այսօր ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել ազգային երազանքների կատարման ակնկալիքով ամրագրված ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության կարևորությունը։

Մարդկության պատմությունն է ցույց տվել` այս արժեքային հենքերն են, որ ունակ են հանրությանն ուղղորդելու դեպի առաջընթաց ու բարօրություն։

Ցավոք սրտի, Հայաստանի Երրորդ Հանրապետության քաղաքական պատմությունը ցույց է տալիս, որ այն ազգային իղձերը, իրավական կառուցակարգերն ու քաղաքական մշակույթը, որ ամրագրվել էին Հայաստանի Անխակության Հռչակագրում, ամբողջությամբ չարտահայտվեցին և չկենսագործվեցին մեր սահմանադրական մշակույթում՝ նաև այն պատճառով, որ քանիցս տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունները չիրականացվեցին ի կատարումն քաղաքական համակարգի առողջացման և պետության գործառույթների արդյունավետ կատարման, այլ ընդամենը քաղաքական անձնային կամ խմբային շահերի սպասարկման։

Արդյունքը կանխատեսելի էր՝ չնայած դերակատար քաղաքական ուժերի կողմից տրվող ապագայի վերաբերյալ վստահ հավաստիացումներին։

Այնուամենայնիվ, հաշվի առնելով հայ ազգի հավաքական գիտակցության իմաստնությունը, մենք վստահությամբ ենք լցվում, որ ի վերջո քաղաքական ուժերն իրենց մեջ ուժ կգտնեն և կիրականացնեն սահմանադրական փոփոխություններ՝ հայրենական գիտական ներուժի օգտագործման, քաղաքական առողջացման նպատակներով, ինչպես նաև խարսխված ազգային շահի սպասարկման առաքելության գիտակցումով՝ վերջ դնելով միահեծան, գերկենտրոնացված կառավարման և անարդյունավետ քաղաքական կառուցակարգերի շրջապտույտին։

Կրկին անգամ շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ, և թո՛ղ Աստված պահապան լինի Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը և աշխարհասփյուռ հայ ժողովրդին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն