Այս ապրիլին Լոռում գործարկվեց պարեկային ծառայությունը: 1 ամիս անց մարզի պարեկների նկատմամբ բռնության դեպքեր արձանագրվեցին, որոնց առթիվ ներկայում 4 քրեական գործ կա հարուցված: Ինչո՞ւ են քաղաքացիները փորձում շրջանցել օրենքներն ու ինչո՞ւ են անհարգալից պարեկների հանդեպ:

Պարեկների մուտքը Լոռի միանշանակ չընդունվեց: Ծառայության առաջին իսկ օրից, հատկապես սոցիալական հարթակներում, վարորդներն ակտիվ գրառումներով դժգոհում էին մասնագիտական գիտելիքների, վարորդների հետ շփման էթիկայի ու ծառայության շարքերը հապշտապ համալրած պարեկների կրթական ցենզի պակասից:



Վանաձորի վարորդների ակումբի հիմնադիր Անդրանիկ Հովհաննիսյանը կարևորում է պարեկների աշխատանքը. դրական կողմերին զուգահեռ թերություններ էլ կան։ Ցավում է, որ օրենքն ու օրենքի ներկայացուցչին չհարգող վարորդները շատ են, հատկապես, եթե դա արտահայտվում է բռնությամբ՝ լինի պարեկի նկատմամբ, թե պարեկի կողմից։

«Կուզեմ, որ օրենքի իմացությունը ավելացնեն, քանի որ սեղմ ժամկետերում իրենց ընտրեցին, էդ առումով, կաղում են: Օրինակ՝ տեխզննությունը գործում է մինչև տվյալ ամսվա վերջին օրը, բայց շատ դեպքեր կան, որ զննությունն ավարտվել է ամսի 26-ին, իսկ 27-ին պարեկներն արձանագրել են խախտում և նշել՝ կարող եք բողոքարկել, բայց դա հարցի լուծում չեմ համարում, քանի որ ոչ բոլորն ունեն ժամանակ բողոքարկման այդ գործընթացով անցնելու: Ճիշտ է, որ իրենք օրենքը սովորեն ու անհիմն չտուգանեն»:

Պարեկային ծառայության շուրջ կարծիքները տարբեր են: Վանաձորցիներից մեկն ասում է՝ եթե պարեկները չլինեին, կմնայի Ծիլքարում, եկան, օգնեցին, ինձ հետ հավասար չարչարվեցին: Մյուսի պնդմամբ էլ՝բռնություն ցուցաբերում են նրանք, ովքեր սովոր չեն կարգուկանոնի։ «Լավ կլիներ,-ասում է,- պարեկները նաև քաղաքի ոչ կենտրոնական հատվածներում շրջեին: Ով ոնց ուզում, քշում է։ Սկզբում լավ էին աշխատում, հետո սկսեցին նմանվել նախկին պետավտոտեսչությանը: Աչք են փակում սխալ կայանումների վրա, խախտումները չնկատելու տալիս, երթևեկության կաննոներին չեն տիրապետում: Սպասելիքներն արդարացված չեն»,- ասում է մյուս վանաձորցին: Ստեփանավանցի զրուցակիցս էլ ասում է՝ պարեկների հայտնվելուց հետո նվազել է ալկոհոլի վաճառքը, մարդիկ խմած ղեկին չեն նստում։



Իրենց կարծիքներում կին վարորդները, թերևս, ավելի անկաշկանդ են, քանի որ նաև ավելի օրինապահ են։ Ծառայության աշխատանքից գոհ են, պարեկների գալով, ասում են, երթևեկը բավական կանոնավորվել է: Վանաձորցի Ժաննա Գաբրիելյանի կարծիքով՝ կարգուկանոնի սովոր չենք, դրսում օրենք հարգող ենք, ներսում՝ խախտող:

«Շատ եմ լսել, որ պարեկները բռնության են ենթարկվում մեր ժողովրդի կողմից, դա սխալ է: Մարդիկ պիտի գիտակցեն, որ պարեկները մեզ օգուտ են, ավտովթարները քիչ կլինեն, խմածության դեպքերը քիչ կլինեն, թող սովորեն օրենքով շարժվել»:

Մարինա Թումանյանը տևական ժամանակ է՝ ղեկին է: Փոփոխություններն ակնհայտ են՝ ասում է, երթևեկի որակը լավացել է: Օրենք պահողը բռնության չի դիմի, ասում է, ավելի լավ է գրագետ վարել ու կայանել, պարեկների ներկայությունից էլ չլարվել։

«Մենք ունենք մի սերունդ, որ օրենք չի տեսել ու իր համար զարմանալի է պարեկների հայտնվելը,կոնֆլիկտից մինչև անգամ բռնության դեպքեր եմ նկատում, ինչն անթույլատրելի է»:

Ըստ գլխավոր դատախազության՝ այս տարվա ապրիլի 16-ից մինչև մայիսի 25-ը Լոռու պարեկնների նկատմամբ բռնություն գործադրելու և համակցված այլ հանցագործությունների դեպքերով 4 քրեական գործ է հարուցվել, ընթանում է նախաքննություն։ 4 գործով մեղադրյալ 7 անձանցից 5-ին կալանավորելու միջնորդությունները բավարարվելեն։

Օրենքն ու օրենքի ներկայացուցչին հարգել, իմանալ սեփական իրավունքներն ու պարտականությունները՝ այսպես հնարավոր է խուսափել խնդիրներից: Կարևորը՝ մեքենա վարելու քաղաքակիրթ մշակույթ ձևավորելն է՝ ասում է Վանաձորի վարորդների ակումբի հիմնադիր Անդրանիկ Հովհաննիսյանը: Քաղաքակիրթ մշակույթ ձևավորելու հարցում  կարևոր է նաև պարեկային ծառայության հեղինակության բարձրացումը, ինչն առաջնահերթ հենց պարեկներից է կախված։

Ծառայության մարզային պատասխանատուների հետ շփվում են, խնդիրները համատեղ են քննարկում: Չի բացառվում, որ առաջիկայում ոչ կոմպետենտ պարեկները լքեն շարքերը: Հորդոր ունի նաև վարորդներին.

«Եթե քաղաքացիներն ունեն բողոքներ, կարող են դրանք փաստերով ուղարկել ինձ, ես ղեկավարության հետ կքննարկեմ, ու նման պարեկները կհեռացվեն: Մենք քննարկել ենք առկա խնդիրները, իրենք էլ են համաձայն որոշ կետերին և ուզում են, որ աշխատանքի որակը բարձրանա, դրա համար ժամանակ է պետք: Պարեկների մեծ մասը քաղաքին անծանոթ է, նույնիսկ փողոցների երթևեկության կարգավորումն է խնդիր, որովհետև մենք չունենք ո՛չ գծանշումներ, ո՛չ համապատասխան կահավորված նշաններուվ փողոցներ,և միայն մեղադրել նրանց, այնքան էլ արդար չի»:

Դատախազությունն իր հերթին է զգուշացնում ձեռնպահ մնալ պարեկային ծառայության աշխատակիցների հանդեպ հանցավոր արարքներից։ Նրանց գործողությունների հետ չհամաձայնելու դեպքում ելքը իրավական ճանապարհն է, ոչ բռնությունը, որի դեպքում քրեական պատասխանատվությունն անխուսափելի է։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն