Շանհայում կառուցված աշխարհի ամենամեծ պլանետարիումը կբացվի հուլիսի 18-ին
Հուլիսի 18-ին հանրության համար պաշտոնապես կբացվի Շանհայի՝ աշխարհում ամենամեծ պլանետարիումը: Այս մասին հայտնել է «Պենպայ» լրատվական պորտալը:
Համալիրը, որի շինարարությունը սկսվել է 2016 թվականի նոյեմբերին, գտնվում է Պուդոնգ շրջանում: Գլխավոր շինության ընդհանուր մակերեսը կազմում է 38 հազար քառակուսի մետր, իսկ հարակից կառույցների հետ միասին ամբողջ համալիրը զբաղեցրել է 58,6 հազար քառակուսի մետր տարածք: Մինչեւ պաշտոնական բացումը, պլանետարիումի վարչակազմը մտադիր է մի քանի բաց դռների օր անցկացնել լրագրողների եւ փորձագետների համար, որպեսզի փորձնական ռեժիմով ստուգի օբյեկտի աշխատանքը, նախքան այցելուներին թույլ կտան այցելել այն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Պլանետարիումը բաղկացած կլինի հիմնական եւ մի շարք օժանդակ կառույցներից՝ ներառյալ երիտասարդների համար հետազոտական կենտրոնը եւ երկու հանրային աստղադիտարաններ: Ցուցահանդեսային մասում այցելուները կկարողանան տեսնել տարբեր երկնաքարերի շուրջ 70 բեկորներ՝ ներառյալ Լուսնի, Մարսի եւ Վեստ աստերոիդի նմուշներ: Հավաքածուն կներառի նաեւ Իսահակ Նյուտոնի, Գալիլեո Գալիլեյի, Նիկոլայ Կոպեռնիկոսի եւ մի շարք այլ գիտնականների բնօրինակ աշխատանքները: Տեխնոլոգիաները, ինչպիսիք են տվյալների վիզուալիզացիան, լրացված իրականությունը, կենսաչափությունը եւ արհեստական բանականությունը, լայն կիրառություն կգտնեն պլանետարիումի կրթական ծրագրերում:
Գլխավոր շինությունը, նախագծի համաձայն, բաղկացած է երկնային մարմիններ հիշեցնող երեք կառույցներից՝ Օկուլուս, շրջված գմբեթ եւ ոլորտ, որոնք միասին կազմում են ժամանակին հետեւելու հսկա աստղագիտական գործիք՝ հիմնված լույսի եւ ստվերի փոփոխությունների վրա: Արտաքինից համալիրը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմերի հսկայական տիեզերանավ: Գլխավոր շենքի շուրջ արահետները նման են գալակտիկական պարույրի գծերի: Պլանետարիումի կառուցման ընթացքում համալիրի գործունեությունն ապահովելու համար օգտագործվել են էկոլոգիապես մաքուր նյութեր եւ կանաչ տեխնոլոգիաների վերջին նվաճումները: