Բայդենը Ֆլորիդայում արտակարգ իրավիճակ է հայտարարել «Էլզա» փոթորկի պատճառով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի հրամանագիր է ստորագրել, որով Ֆլորիդայում արտակարգ իրավիճակ է հայտարարել արեւադարձային «Էլզա» փոթորկի պատճառով եւ կարգադրել է դաշնային օգնություն տրամադրել տեղական իշխանություններին, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Այսօր Նախագահ Ջոզեֆ Բայդենը արտակարգ իրավիճակ հայտարարեց Ֆլորիդայում եւ կարգադրեց դաշնային օգնություն տրամարդել որպես լրացում տեղական ինքնակառավարման մարմինների ջանքերի՝ արեւադարձային «Էլզա» փոթորկի հետեւանքով ստեղծված արտակարգ պայմաններում», - ասվում է հայտարարության մեջ:
Բայդենի հրամանը ենթադրում է Ֆլորիդայի իշխանություններին ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության եւ երկրի արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության աջակցություն:
Ավելի վաղ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը արտակարգ իրավիճակ է մտցրել նահանգի 67 շրջաններից 15-ում` «Էլզա» փոթորկի մոտենալու պատճառով:
Արեւադարձային «Էլզա» փոթորիկը առաջացել է Ատլանտյան օվկիանոսում: Ակնկալվում է, որ այն կմոտենա Ֆլորիդայի ափին այս շաբաթվա սկզբին: Այն շրջաններում, որտեղ արտակարգ իրավիճակի ռեժիմ է մտցվում, ներառված է Մայամի-Դադեն: Այնտեղ է գտնվում Սուրֆսայդ քաղաքը, որտեղ հունիսի 24-ի գիշերը բնակելի շենք է փլվել: Վերջին տվյալների համաձայն՝ հաստատվել է մահվան 24 դեպք: 121 մարդու ճակատագիր մնում է անհայտ: