Fly Arna-ն իրականացրել է առաջին չվերթը դեպի Հուրգադա
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունն իրականացրել է իր առաջին առևտրային չվերթը Երևանից Հուրգադա:
Մեկնարկային G6 501 չվերթը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մեկնել է 07:00-ին և վայրէջք կատարեց Հուրգադայի միջազգային օդանավակայանում տեղական ժամանակով 08:40-ին:
Fly Arna-ի թիմի անդամները, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ներկայացուցիչների հետ միասին, մեկնման սրահում ողջունել են ուղևորներին, իսկ Հուրգադայի միջազգային օդանավակայանում օդանավը դիմավորել են ջրային կամարով և օդանավակայնում կազմակերպված հատուկ արարողությամբ։
Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանն ասել է.
«Ջերմորեն ողջունում ենք մեր մեկնարկային չվերթի բոլոր ուղևորներին, ովքեր այսօր մեկնում են սիրված զբոսաշրջային ուղղություն՝ Հուրգադա։ Շատ ոգևորված ենք մեկնարկել չվերթերն այս բացառիկ հանգստավայրի ուղղությամբ, որտեղ կարելի է բացահայտել քաղաքի գլխավոր տեսարժան վայրերը, վայելել անհավանական լողափերն ու ջրային մարզաձևերը։ FlyArna-ի թիմը հետևողականորեն աշխատում է չվերթների աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ և շուտով կհայտարարի նոր ուղղությունների մասին»: