Եղել են լավ ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ, բայց հրաժարվել եմ՝ համբույրի և բաց տեսարանների համար. Իլոնա Մկրտչյանը՝ «Սիրո հասակ» նախագծի, մարմնավորած կերպարների և արտաքին փոփոխությունների մասին
Երիտասարդ դերասանուհի Իլոնա Մկրտչյանը վերջերս նկարահանվել է «Սիրո հասակ» հումորային նախագծում: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է նախագծում իր կերպարի, հետագա ծրագրերի և արտաքին փոփոխությունների մասին:
«Ես մարմնավորում էի գլխավոր հերոսուհու՝ Լուիզա Ներսիսյանի ընկերուհու դերը: Իմ հերոսուհին ընդգծում էր սերունդների տարիքային տարբերությունն ու ընկալումները: Իմ մարմնավորած կերպարը՝ Գրետան ներկայացնում էր մերօրյա նոր սերունդը՝ ի հակադրություն Լուիզա Ներսիսյանի մարմնավորած հերոսուհուն՝ Ալլային»,- ասաց նա:
Դերասանուհին խոսեց Լուիզա Ներսիսյանի հետ համագործակցության մասին և նշեց, որ շատ բան է սովորել դերասանուհուց:
«Լուիզա Ներսիսյանի հետ համագործակցությունն ավելի քան ստացված էր: Ծիծաղելի դեպքեր էին պատահում, երբ իրական կյանքում ևս Լուիզան սոցցանցերին վերաբերող հարցեր էր տալիս, սկսում էինք ծիծաղել՝ հասկանալով, որ իսկապես սերնդային տարբերություն կա մեր միջև, որն արտացոլված է նախագծում: Բախտս իսկապես զուգընկերոջ հարցում բերել է, քանի որ աշխատել եմ պրոֆեսիոնալ դերասանների հետ: Շատ բան եմ սովորել Լուիզա Ներսիսյանից, ինձ հաճախ նկարահանման հրապարակում ուղղորդում էր, նման դերասանների հետ նկարահանվելը հետաքրքիր փորձ է»,-նշեց Իլոնա Մկրտչյանը:
Հետագա ծրագրերի մասին խոսելիս դերասանուհին շեշտեց, որ ցանկանում է գեղարվեստական ֆիլմերում խաղալ:
«Ես սպասում եմ նաև դրամատիկ կերպարների առաջարկների, չնայած նրան, որ նախորդ մարմնավորածս կերպարները եղել են հումորային նախագծերում, այժմ ինձ ավելի դրամատիկ սերիալներում կամ ֆիլմերում եմ պատկերացնում: Ունեմ առաջարկներ մի քանի դերերի, բայց նրանք ինձ չեն գոհացնում»,- ասաց նա և հավելեց, որ դեռևս մանկուց է երազել գեղարվեստական ֆիլմերում խաղալ:
«Ցանկանում եմ գեղարվեստական ֆիլմում խաղալ, դա իմ մանկության երազանքն է, երբ գնում էի կինոթատրոն, ասում էի՝ պաստառներին նաև պետք է իմ նկարը լինի: Լավ ֆիլմերի առաջարկներ եղել են, բայց, քանի որ եղել են համբույրի և բաց տեսարաններ, ես հրաժարվել եմ, քանի որ առայժմ պատրաստ չեմ նման տեսարաններում նկարահանվել»,- նշեց նա:
Իլոնայի խոսքով՝ նա դեռևս հոգեպես պատրաստ չէ նկարահանվել բաց տեսարաններում. «Ինձ համար դիսկոմֆորտ է, ես կարծում եմ, որ դա մտնում է դերասանների պարտականությունների մեջ, բայց ես պատրաստ չեմ տեսախցիկի առաջ համբուրվել կամ երևալ բաց տեսարաններում»:
Արտաքին փոփոխությունների մասին խոսելիս՝ դերասանուհին նշեց, որ այժմ ներկայանում է լիովին բնական արտաքինով:
«Ես փոփոխել եմ սանրվածքս, քանի որ ինձ ուղղորդեցին, որ դեմքս ու դիմագիծս պետք է լինի ավելի բաց, որպեսզի միմիկաներս ավելի լավ երևան: Նախկինում արել եմ արտաքին էսթետիկ միջամտություն և ավելացրել շուրթերիս ծավալը, բայց հեռացրել եմ այդ նյութը, քանի որ զգացի՝ հոսանքի տակ եմ ընկել: Հիմա վստահ կարող եմ ասել, որ բնական տեսք ունեմ ու արտաքին միջամտություններ չկան»,-նշեց Իլոնա Մկրտչյանը: