Արարատ Միրզոյանը Մերիչել Բատետին է ներկայացրել տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ հայկական կողմի ջանքերը
Հուլիսի 5-ին աշխատանքային այցով Իսպանիայում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի հետ։
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների ու ժողովուրդների պատմական առնչությունների և ընդհանուր արժեքների վրա հիմնված միջպետական համագործակցության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները քաղաքական երկխոսության, տնտեսության ու մշակույթի ոլորտներում։ Երկկողմ օրակարգի հարստացման տեսանկյունից կարևորվել է միջխորհրդարանական արդյունավետ փոխգործակցության ու խորհրդարանականների միջև կապերի ակտիվացման անհրաժեշտությունը, այդ թվում նաև՝ բարեկամական խմբերի աշխատանքի միջոցով։ Ընդգծվել է նաև երկու երկրների օրենսդիր մարմինների միջև միջազգային խորհրդարանական հարթակներում համագործակցության կարևորությունը։
Արարատ Միրզոյանը Մերիչել Բատետին է ներկայացրել Հայաստանում իրականացվող բարեփոխումները՝ ուղղված ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, իրավունքի գերակայության առաջմղմանը և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարին։ ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է, որ 2018թ․-ից ի վեր Հայաստանը շարժվում է ժողովրդավարական ուղով, և չնայած պատերազմի ու կորոնավիրուսի համավարակի հետևանքներին՝ կառավարության իրականացրած բարեփոխումների արդյունքում զգալի առաջընթաց է գրանցվել ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ հայկական կողմի ջանքերը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող վերջին զարգացումները:
Երկուստեք կարևորվել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը և ընդգծվել է, որ ուժի կիրառումը չի կարելի հակամարտությունների լուծման միջոց համարել:
Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման հրատապությունը, ինչպես նաև՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։
Արարատ Միրզոյանը նաև զրուցակցին է ներկայացրել Հայաստան֊Թուրքիա կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։