Շիրակի մարզպետ նազելի Բաղդասարյանն այսօր հյուրընկալել է «Ավրորա» համայնքի անդամ EliseCare հասարակական կազմակերպության հիմնադիր, բարերար Էլիզ Պողոսյանին և կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի պատասխանատու Արմեն Թաշչիին, որոնք բժշկական շարժական կայան են նվիրաբերել մարզին։



Նազելի Բաղդասարյանը ողջունել է հյուրերին և նշել, որ հանդիպումը սպասված էր, կարևորում է ցանկացած համագործակցություն, որը նպաստելու է մարզի բնակչության առողջության պահպանմանը։

Հանդիպման ընթացքում EliseCare հասարակական կազմակերպության հիմնադիր Էլիզ Պողոսյանը մարզպետին է ներկայացրել կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները: Կազմակերպությունը ստեղծվել է 2012 թվականին, բժշկական և հոգեբանական օգնություն է տրամադրում հակամարտության գոտիներում ապրող բնակչությանը։ EliseCare-ը ծրագրեր է իրականացրել աշխարհի մի շարք հետպատերազմական երկրներում, այդ թվում է նաև՝ Արցախում։



Հանդիպումից հետո Շիրակի մարզպետարանի դիմաց գործարկվել է շարժական կայանը: Այն ուղևորվելու է Անի համայնք և անվճար բժշկական ծառայություններ է մատուցելու համայնքի բնակչությանը։

Խոսելով մարզում կայանի գործունեության մասին՝ Նազելի Բաղդասարյանը նշել է․



«Կարևորում եմ մեր համագործակցությունը EliseCare կազմակերպության հետ, ընկերություն, որը տևական ժամանակ աշխատել է հակամարտության գոտու երկրներում, այժմ ծրագիր է իրականացնում Շիրակի մարզում։ Շարժական կայանը կշրջի Անի և Աշոցք համայնքների բնակավայրերում, կլինեն նեղ մասնագետներ՝ սրտաբան, մանկաբարձ-գինեկոլոգ, հոգեբան, կիրականացվի կարիքների գնահատում, անհրաժեշտության դեպքում կհրավիրվեն նաև այլ մասնագետներ։ Մոտ օրերս կայանը կունենա ուլտրաձայնային հետազոտության սարք, առաջիկայում նախատեսվում է հետազոտություն անցած քաղաքացիներին տրամադրել անվճար դեղորայք, հուսով եմ, որ մեր համագործակցությունը կընդլայնվի»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն