Մինչև 2023 թ․ բուժաշխատողները պետք է ունենան մասնագիտական զարգացման արդյունքների գնահատման հավաստագրեր․ Բազարչյան
Հուլիսի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին և Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանին։
Քննարկվել է մարզում բուժաշխատողների հավաստագրումների գործընթացի իրականացման, մեծահասակների և 0-18 տարեկանների պատվաստումային գործընթացի ակտիվացման, առողջապահության ոլորտին վերաբերող բազմաթիվ այլ թեմաներ։
Այնուհետև Լենա Նանուշյանը և Ալեքսանդր Բազարչյանը հանդիպում-քննարկում են անցկացրել մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների տնօրենների հետ։ Հանդիպմանը մասնակցել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչներ։
Հանդիպման նպատակն էր իրազեկել բուժհիմնարկների տնօրեններին «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով բուժաշխատողների պարտադիր հավաստագրման գործընթացի մանրամասներին, առավելագույնս աջակցել բուժաշխատողներին՝ պատրաստվելու հավաստագրման գործընթացին և թե ինչպես պետք է յուրաքանչյուրն իր մասով ապահովի հավաստագրերի ձեռքբերման համար պահանջվող չափորոշիչները։
Ինչպես նշել է Առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչը, նախատեսված է, որ մինչև 2023 թվականի տարեսկիզբ բուժաշխատողները պետք է ունենան շարունակական մասնագիտական զարգացման արդյունքների գնահատման հավաստագրեր։ Հավաստագրեր ձեռք բերելու համար բուժաշխատողները պետք է մասնագիտական գործունեության ժամանակահատվածում հավաքեն համապատասխան կրեդիտներ և ապահովեն սահմանված այն բոլոր պահանջները, որոնց առկայության դեպքում միայն բուժաշխատողներին հնարավորություն կտրվի շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը։