Բնական գազ չունեցող Երվանդաշատում արևային էներգիա են օգտագործում
Թուրքիայի սահմանին գտնվող Երվանդաշատ գյուղում նորագույն տեխնոլոգիաները փոխել են կյանքի որակը։ Բնական գազ չունեցող Երվանդաշատում գյուղացիներն օգտվում են վերականգնվող էներգիայի այլընտրանքային աղբյուրներից՝ ունեն տաք ջուր, շուրջօրյա ջրամատակարարում, կապի միջոցներ: Սուբվենցիոն ծրագրերով էլ ճանապարհն է բարեկարգվում:
«Մեր գյուղում գազ չկա, բայց վերականգնվող էներգիայի այլընտրանքային աղբյուրներից ենք օգտվում, քաղաքացու կենցաղից գրեթե չենք տարբերվում»,-ասում են երվանդաշատցիները: Բնական գազը չհասավ գյուղ, փոխարենը հեղուկ գազ լիցքավորող մեքենան է 43 կմ ճանապարհ կտրում ու տեղացիներին վառելիքով ապահովում:
Պատվական Ավետիսյան.«Եթե գյուղից դուրս ենք գալիս, գազի բալոնը վերցնում ենք ու լիցքավորում, եթե չէ՝ հեղուկ գազ լիցքավորող մեքենան է գյուղ գալիս: Մոտավորապես 12000 դրամից-13000 դրամ ենք վճարում: Հիմա թանկացել է, մեր գազը դեռ չի վերջացել, որ լցնենք ու իմանաք ինչքան է գինը: Բոլոր ապրանքներն են թանկացել, գազը չի՞ թանկանա»:
Գազ չունեն, բայց մշտական տաք ջուր կա: Էներգետիկ նորագույն տեխնոլոգիաները մեծ կիրառում ունեն բնական գազ չունեցող բնակավայրերում: Գրեթե բոլոր տների տանիքներին ջրատաքացուցիչներ կան, խմելու ջուրն էլ անպակաս է:
Լուսինե Գասպարյան. «Հիմա որ նայեք գյուղին, այդպիսի տանիք չեք տեսնի, որտեղ ջրատաքացուցիչ չլինի, բոլորն ունեն: Գիտեք, մեր գյուղի ժողովուրդը այնքան ձգտող ու թասիբով է, որ եթե տեսնում է մեկն իր կենցաղն ինչ-որ բանով բարելավել է, ինքն էլ անպայման ուզում է այդ բարեկեցությունից օգտվի: Հիմա խոհանոցի ջուրը բացում ենք՝ տաք ջուրը հոսում է ու ամբողջ տարին է այդպես: Մենք շուրջօրյա ջուր ունենք: Հիմա արդեն ժողովուրդը ձգտում է արևային էլեկտրակայաններ տեղադրել: Մի քանիսի տանիքներին արդեն նկատվում են այդ մարտկոցները»:
Գյուղի սոցիալական վիճակի փոփոխությունը Լուսինե Գասպարյանը պայմանավորում է այգիների բարձր բերքատվությամբ: Ասում է՝ վերջին տարիներին բերքի կորուստ գրեթե չկա: Թուրքիայի սահմանի երկարությամբ տեղադրված երկշերտ հակակարկտային կայանները ժամանակին են ցրում կարկտաբեր ամպերը, բերքն էլ բարձր գնով են արտահանում.
«Վերջին տարիներին կլիման բարենպաստ է, բերքի գինն էլ բավականին բարձր: Ժամանակին, եթե ծիրան էինք ունենում՝ 50 դրամ էր, որը հարց չէր լուծում, իսկ այսօր 700 դրամով են մարդիկ վաճառում: Տոննաներով արտահանում են, գյուղից կարող է օրը 2 փոխադրող բեռնատար դուրս գա»:
600-700 դրամն անցած տարվա վաճառքի գինն էր, այս տարի նվազել է՝ 350-400 դրամ: Համայնքում ծիրանի այգիներն ավելացել են 2000 թվականից: Գյուղացիներն աստիճանաբար հրաժարվել են բաց դաշտերում բանջարեղեն մշակելուց, ասում են՝ աշխատատար է ու անեկամտաբեր:
Պատվական Ավետիսյան.«Տանջանքը շատ էր, արդյունքը՝ զրո, կարելի է այդպես ասել: Նախ՝ քաղաքից 40 կմ հեռու ենք, այն ժամանակ տեխնիկա չունեի: Մինչև մեքենա էի վարձում, բերքը տանում Արմավիրի մեծածախ շուկա՝ երկաթգծի մոտ, շատ ժամանակ էր անցնում: Գները շատ ցածր էին, մինչև վաճառում, հետ էի գալիս՝ տակը բան չէր մնում, այսինքն՝ վերավաճառողն ավելի շատ էր օգտվում, քան արտադրողը»:
Հիմա շուկա գնալու կարիք չկա, արտահանողն է գյուղ հասնում: Գյուղում զբաղվում են նաև չրագործությամբ: Տեղացիները հիմնականում սեփական այգիների բերքն են չորացնում՝ ասում է Ռադիկ Սարգսյանը, պակասը՝ լրացնում գյուղացիներից:
«Գյուղում 2-3 խոշոր չիր արտադրողներ կան և մեկ՝ մեծ սառնարան: Գյուղացիներն էլ են չրեր պատրաստում, ամեն մեկն իր համար փոքր սառնարան է կառուցել»:
Բանջարեղեն մշակում են միայն տան կարիքների համար՝ տնամերձ հողակտորներում.
«Հիմնականում մեր տան համար ենք մշակում՝ վարունգ, լոլիկ, սև լոբի, կարտոֆիլ, բավարարում է, իսկ պահածոներ պատրաստելու համար գնում ենք: Գյուղում բերում, վաճառում են, իրենց գինն են դնում ապրանքին, եթե մեզ պետք է, ուրեմն առնում ենք»:
Բորիս Գրիգորյանի տնամերձում բացի բանջարեղենից մերձարևադարձային պտուղներ էլ կան.
«Ամեն ինչ տան համար է՝ կեռաս, սև սալոր, ծիրան, նուռ, թուզ, արքայանարինջ, կիվի, անփուշ մոշ, տարբեր սորտերի խաղող»:
Փոքր քայլերով գյուղն առաջ է գնում, պետական միջոցների համաֆինանսավորմամբ՝ բարեկարգվում:
Երվանդաշատ գյուղի վարչական ղեկավար Շահեն Մուրադյան. «Այս տարի 2500քմ ասֆալտապատման ծրագիր կա, անցած տարվա ասֆալտապատված ճանապարհի շարունակությունն է՝ 400 գծմ մի կողմի վրա է ասֆալտապատվելու, 100մ էլ՝ դեպի աջ, մանկապարտեզի մուտքի ուղղությամբ: Տեղադրվելու է նաև 25 կվտ արևային էներգիա»:
Թուրքիայի սահմանին գտնվող գյուղում երբեմն լսելի է նամազի կանչող ազանը, այն խլացնելու համար Երվանդաշատում կառուցում են եկեղեցի, հիմնական աշխատանքներն արված են, բայց ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով գործն ընդհատվել է: Հովանավորն Ուկրաինայից է: Գյուղացիները սպասում են եկեղեցու զանգերի ղողանջին: