Ամեն ինչ անում ենք, որպեսզի ժողովուրդը համայնքներում կոնկրետ փոփոխություններ զգա. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ՝ ծանոթացել մարզի մի քանի համայնքներում պետական բյուջեի, սուբվենցիոն ծրագրերի և մասնավոր ներդրումների շրջանակում իրականացվող և արդեն ավարտված ծրագրերին:
Կառավարության ղեկավարին ուղեկցել են փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը և այլք:
Վարչապետը նախ այցելել է խոշորացված Փարաքար համայնք, որտեղ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում ՀՀ պետական բյուջեի միջոցներով և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ կառուցվում է Պտղունքի միջնակարգ դպրոցը: Դպրոցի շենքում շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է դպրոցի նախագծին, իրականցված և ընթացիկ շինարարական աշխատանքներին: Պատասխանատուների ներկայացմամբ` 240 աշակերտի համար նախատեսված 2981քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի դպրոցի շինարարական աշխատանքներն սկսվել են 2020թ., ավարտը նախատեսվում է ընթացիկ տարվա վերջին: Աշխատանքների 70 տոկոսն արդեն ավարտվել են: Ծրագրի արժեքն է 975 մլն դրամ:
Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է խոշորացված Խոյ համայնք, որտեղ կառավարության ղեկավարին ներկայացվել են Հովտամեջ բնակավայրի Երևանյան և Հ. Բաղրամյան փողոցների բարեկարգման շրջանակում իրականացված աշխատանքները: Վարչապետին զեկուցվել է, որ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացված աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են: Իրականացվել է Հովտամեջ գյուղի 260 մետր ճանապարհի և 400 մետր մայթերի սալիկապատում՝ տուֆ քարով։ Ծրագրի արժեքը կազմել է գրեթե 30 մլն դրամ:
Վարչապետի հաջորդ կանգառը եղել է Արաքս համայնքում: Այստեղ վարչապետը ծանոթացել է Գայ բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքներին: Վարչապետին զեկուցվել է, որ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում 0,42 հա հողամասի տարածքում կառուցվում է 4 մասնաշենքերից բաղկացած մանկապարտեզի երկհարկանի շենք, որը նախատեսված է 150 երեխայի համար: Նախատեսվում է ստեղծել 15-20 հիմնական աշխատատեղ: Պատասխանատուների ներկայացմամբ, շինարարական աշխատանքների 92 տոկոսն ավարտված են, ընթացքի մեջ են ներքին հարդարման աշխատանքները: Ծրագիրը մեկնարկել է 2020թ., ավարտը նախատեսվում է ընթացիկ տարվա օգոստոս ամսին։ Ծրագրի արժեքն է 328 մլն դրամ:
Այնուհետև կառավարության ղեկավարը ծանոթացել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ2+000-կմ10+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքներին: Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է, որ հիմնանորոգվող 8.5 կմ երկարությամբ ճանապարհահատվածն ընդգրկում է մարզի Մարգարա, Վարդանաշեն, Երասխահուն, Ջրարբի, Ապագա, Լուսագյուղ բնակավայրերը։ Դեռևս իրականացվել են շինարարական աշխատանքների 15 տոկոսը: Ծրագրի արժեքն է 1 մլրդ 107 մլն դրամ:
Արևիկի բնակավայրում կառավարության ղեկավարը ծանոթացել է ՀՀ պետական բյուջեի շրջանակում մոդուլային մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքներին: Այն կկարողանա ընդունել 144 երեխայի: Կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021թ. և նախատեսվում է ավարտել 2022թ.: Ծրագրի արժեքն է 496 մլն դրամ: Կատարվել է աշխատանքների 70%-ը:
Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել 2016թ. զոհված զինծառայող Սևակ Խաչատրյանի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով հուշարձան-խաչքարին:
Վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Երասխահուն համայնքում, որտեղ զրուցել է բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին ու պատասխանել մի շարք հարցերի: Վարչապետը գյուղացիներից հետաքրքրվել է նրանց զբաղվածությամբ, գյուղատնտեսական աշխատանքներից, մանկապարտեզի, դպրոցի առկայությամբ: «Հանրապետությունում 300 դպրոց, 500 մանկապարտեզ ենք կառուցելու: Այդ ծրագիրը ձեր գյուղ էլ կհասնի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով, որ Հայաստանի գյուղերում դպրոցները, մանկապարտեզները լինեն ամենաբարձր մակարդակի:
Գյուղացիները հոսանքի, ենթակայանի հարց են բարձրացրել: «Ցավոք, միանգամից չենք կարող: Հերթով բոլոր հարցերը լուծելու ենք: Վստահ եղեք, որ անընդհատ զբաղվում ենք համայնքների հարցերով, ամեն ինչ անում ենք, որ ժողովուրդը համայնքներում կոնկրետ փոփոխություն զգա: Բայց մեր առաջին հարցը, որ պետք է լուծենք, երեխաների հարցն է՝ դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ, ջուր…»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Երասխահունում ևս կառավարության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին՝ ծաղիկներ դնելով ու խոնհարհվելով նրանց շիրիմներին:
Արմավիր կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետն այցելել է նաև Արմավիր համայնք: Այստեղ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արմավիր քաղաքի վերակառուցված մարզադաշտի պայմաններին: Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցներով վերակառուցվել է 1980թ. հիմնադրված Արմավիրի մարզադաշտը, որը համարվել է Հայաստանի խոշոր մարզադաշտերից մեկը և տարողությամբ 3-րդ մեծագույն մարզադաշտն է հանրապետությունում: 3100 հանդիսական տեղավորող մարզադաշտի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2018թ. և ամբողջությամբ ավարտված են: Կից գործում են արհեստական խոտածածկով 4 փոքր դաշտեր: Մարզադաշտի բացումը տեղի է ունեցել 2021թ. նոյեմբերի 30-ին: Ծրագրի արժեքն է 688 մլն դրամ:
Այս համայնքում վարչապետին ներկայացվել է նաև ջրամատակարարման և ջրահեռացման բաշխիչ ցանցերի վերանորոգման և անհատական ջրաչափերի տեղադրման աշխատանքների ընթացքը: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) «Համայնքային ենթակառուցվածքների II ծրագիր, փուլ 3-Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք ծրագրի» շրջանակում՝ Վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KfW), Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) վարկային և ՀՀ կառավարության միջոցներով: Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ աշխատանքները մեկնարկել են 2021թ., արդեն հիմնանորոգվել է 12կմ երկարությամբ բաշխիչ ցանց: Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2023թ.: Ծրագրի արժեքն է 1 մլրդ 800 մլն դրամ:
Վարչապետի հաջորդ կանգառը եղել է Բաղրամյան համայնքում: Այստեղ կառավարության ղեկավարը նախ ծանոթացել է «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցման ծրագրի» շրջանակում Արգինայի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին: Պատասխանատուների ներկայացմամբ, 100 աշակերտի համար նախատեսված և 360քմ ապաստարան ունեցող դպրոցի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել ընթացիկ տարվա դեկտեմբերին: Ծրագրի արժեքն է 680 մլն դրամ: Միջոցները տրամադրվել են ՀՀ պետական բյուջեից: Արդեն իսկ իրականացվել է աշխատանքների 70%-ը:
Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև ամբողջությամբ վերակառուցված Քարակերտի «Երևան Մարմըլեյդ Ինդըսթրիս» ընկերության գործարան: Կառավարության ղեկավարին ներկայացվել է, որ դեռևս 1963թ. Քարակերտ բնակավայրում հիմնադրված պահածոների գործարանի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են դեռևս 2018թ.: 5,5 հա հողատարածք զբաղեցնող գործարանում իրականացվել է 20 մլն դոլարի ներդրում: Արդյունքում՝ գործարանը հագեցվել է իտալական BERTUZZI Macchine Agricole ընկերության ժամանակակից հոսքագծերով: Վերջիններս ներկրվել ու տեղադրվել են կառավարության օժանդակությամբ:
Իրականացված աշխատանքների արդյունքում մի քանի արտադրամաս և չորանոց ունեցող գործարանի գործարանի արտադրողականությունը և արտադրանքի որակը կտրուկ աճել է: Պատասխանատուների ներկայացմամբ, ի թիվս բազմատեսակ պահածոների և չրերի, շուկայում ներկայացվում են նաև չորացված համեմունքներ, ինչպես նաև կիսաֆաբրիկատներ և խյուսերի տեսականի: Արտադրանքը հայտնի է ինչպես հայաստանյան սպառողին, այնպես էլ ՌԴ և եվրոպական մի շարք երկրներում։ Սեզոնին գործարանում աշխատողների թիվը կազմում է 120-150։ Ապագայում նախատեսվում է ընդլայնել արտադրական հնարավորությունները, հիմնել սառնարանային տնտեսություն, որը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Ընկերության ղեկավարները շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ կառավարության աջակցության և հարկային բարենպաստ քաղաքականության համար: