Սադրա՞նք, թե՞ իրական նպատակ․ Անկարան նոր քարտեզ է ներկայացրել
«Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին օրերս պանթուրքիստական նպատակներն արտացոլող հերթական քարտեզն է ներկայացրել․ այս անգամ հունական կղզիներն են թուրքական դրոշի գույնով ներկված։ Աթենքը դատապարտում է պահանջել Անկարայից՝ անընդունելի համարելով նման քայլերը։ Թուրքիան ագրեսիվ դիրքորոշում է որդեգրել ոչ միայն Հայաստանի, այլեւ հարևան երկրների՝ Սիրիայի, Իրաքի, Հունաստանի, Կիպրոսի նկատմամբ՝ նկատում են թուրքագետները, բայց նաև կասկածում, թե Անկարան կհանդգնի գնալ նպատակաների իրագործման ճանապարհով։
Թուրքիան կրկին ծավալապաշտական քարտեզ է հրապարակել, ինչը հարուցել է Հունաստանի զայրույթը։ «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին «Գորշ գայլերի» ղեկավարներից Յիղիթ Յըլդըրըմին է նվիրել մի քարտեզ, որտեղ հունական մի շարք կղզիներ ներկված են կարմիր գույնով, ինչպես Թուրքիայի տարածքը։ Կարմիր են Միջերկրական և Էգեյան ծովերի մի շարք հունական կղզիներ, այդ թվում՝ Կրետեն։
Յըլդըրըմն էլ այդ քարտեզը հրապարակել է սոցցանցերում՝ «Մեր ազգային երդումը ծովերում» մակագրությամբ։ Թուրքական լրատվամիջոցներն ակտիվորեն քննարկում են թեման։
Պաշտոնական Աթենքն արդեն արձագանքել է՝ քայլը ագրեսիվ ու սադրիչ որակվելով։
Խիստ բացասական է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի արձագանքը։ «Լավ, նայե՛ք այս քարտեզին։ Կրետեն, Հռոդոսը, Լեսբոսը, Քիոսը, Սամոսը՝ բոլորը կլանված են Թուքիայի կողմից։ Սա ծայրահեղականների տենդային պատրա՞նքն է, թե՞ Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը։ Սադրա՞նք է, թե՞ իրական նպատակ։ Նախագահ Էրդողանը պետք է հստակ արտահայտի իր դիրքորոշումը իր կոալիցիոն կրտսեր գործընկերոջ վերջին խեղկատակությունների վերաբերյալ»,- գրել է Հունաստանի վարչապետը Twitter-ի իր միկրոբլոգում։
Հունաստանի դիվանագիտական աղբյուրը եւս դատապարտել է կատարվածը, այն թուրքական ծայրահեղ հռետորաբանության էսկալացիայի մի մաս որակելով։ «Հունաստանն ակնկալում է այդ անընդունելի գործողության անհապաղ և հրապարակային դատապարտում, որը կասկածի տակ է դնում Հունաստանի տարածքային ամբողջականությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պատմաբան Աշոտ Մելքոնյանը կատարվածը բացատրում է պանթուրքիզմի գաղափարները իրագործելու Անկարայի ձգտմամբ․
«Թուրքերը, ինչպես 700 տարի առաջ, երբ այդ պետությունը՝ Օսմանյան կայսրությունը ձեւավորվեց իր նվաճողական նկրտումներով, այդպիսին էլ շարունակում է մնալ։ Ժամանակին Դավութօղլուն առաջարկում էր «0 պրոբլեմ հարեւանների հետ» սկզբունքը, սակայն կյանքը ցույց տվեց՝ «100 տոկոս պրոբլեմ հարեւանների հետ»։ Անգամ այն երկրները, որոնց հետ բարիդրացիական հարաբերություններ ուներ պրոբլեմներ ստեղծեց, քանի որ խոսում է ուժի դիրքերից, խոսում է Օսմանյան կայսրությունը վերականգնելու, պանթուրքիստական գաղափարները կյանքի կոչելու , Ադրբեջանը թուրքական պետության մեջ ներառելու, թուրքական պետությունների համադաշնություն ստեղծելու դիրքերից»։
Թուրքագետ Հակոբ Չաքրյանը հետեւում է թուրքական լրատվամիջոցներում այս թեմայով քննարկումներին ու կարծում է, որ այդ քայլը Էրդողանի ընկած վարկանիշը բարձրացնելու նպատակ ունի․
«Քննարկեցին Բախչելիի քաջագործությունները։ Նա առաջարկել էր Էրդողանին գրավել Էգեյան ծովի բոլոր կղզիները, բայց գրավելը Թուրքիայի ուժերից վեր է։ Քանի որ «Ազգայնական շարժում կուսակցության» ու Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ժողովրդականությունն ընկել է, ընտրողներին համախմբելու համար նման ազգայնական պոռթկումներ է անցկացնում»։
Սա առաջին դեպքը չէ․ շուրջ մեկ տարի առաջ եւս «Ազգայնական շարժում կուսակցության» առաջնորդ Բահչելին Թուրքիայի նախագահ Էրդողանին էր նվիրել այսպես կոչված «թյուրքական աշխարհի» քարտեզը, որի վրա նշված էին Ռուսաստանի որոշ շրջաններ: Ստրատֆոր վերլուծական կենտրոնն էլ հրապարակել էր թուրքական ազդեցության քարտեզը՝ 2050 թ․ կանխատեսումով։
«Եթե թուրքերի ձեռքին հնար լինի, կգրավեն, Կիպրոսը ո՞նց գրավեցին։ Բայց այդ հնարավորությունը չունի։ Այս անգամ Թուրքիային չեն ների։ Այսինքն աջակցություն չի ստանա ոչ Եվրոպայից ոչ՝ ԱՄՆ-ից։ Թուրքիան ագրեսիվ դիկրքորոշում է որդեգրել ոչ միայն Հայաստանի , այլեւ Սիրիայի, Իրաքի, Հունաստանի, Կիպրոսի»։
Եթե Թուրքիան վստահ լինի, որ հաջողության կհասնի ու կկարողանա մարսել իր ծավալապաշտական քայլեը, անհապաղ դրանք կյանքի կկոչի՝ համոզված է թուրքագետը։ Հարավային Կովկասում Անկարայի ակտիվությունը նա պայմանավորում է ռուսական թողտվությամբ։