Ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում արցախցի մարզիկները գերազանց արդյունքներ են ցուցաբերել ինչպես Արցախում կազմակերպված մրցաշարերում, այնպես էլ ՀՀ, միջազգային, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունից՝ մանրամասնելով, որ գերատեսչության սպորտի վարչությունն ու հանրապետությունում գործող ֆեդերացիաներն անցած ամիսներին անց են կացրել 14 մարզական միջոցառում՝ 1219 մարզիկների մասնակցությամբ։

Արդյունքում՝ 170 մարզիկ գրավել է մրցանակային առաջին, 159 -ը՝ 2-րդ և 210-ը՝ 3-րդ տեղերը: Առաջին կիսամյակում ՀՀ առաջնություններին, գավաթի խաղարկություններին, հուշամրցաշարերին և մրցաշարերին Արցախից մասնակցել է 1021 մարզիկ և մարզիչ:

Նրանցից 112-ը գրավել է առաջին տեղը, 130-ը՝ երկրորդ, իսկ 102-ը՝ 3-րդ մրցանակային տեղեր: Միջազգային մրցաշարերի Արցախից 47 մարզիկ և մարզիչ է մասնակցել, որից 4-ը ոսկե մեդալ է նվաճել, 3-ը՝ արծաթե, 6-ը՝ բրոնզե, իսկ 3 մարզիկ և մարզիչ մասնակցել է Եվրոպայի առաջնությունների՝ արժանանալով 1 արծաթե և 4 բրոնզե մեդալների:

Աշխարհի առաջնություններին մասնակցած 5 մարզիկներից մեկն արժանացել է չեմպիոնի տիտղոսին, մյուսը՝ երկրորդ մրցանակային տեղին: Ընդհանուր առմամբ՝ 2321 մարզիկ մասնակցել է ԱՀ, ՀՀ, Եվրոպայի և միջազգային մրցաշարերին՝ գրավելով 287 առաջին, 294 երկրորդ, 322 երրորդ մրցանակային տեղեր:

«Մեր մարզիկները նման արդյունքների են հասել ինչպես քրտնաջան աշխատանքի, այնպես էլ ուսումնամարզական հավաքներին, սեմինարներին, համաժողովերին ունեցած ակտիվ մասնակցության շնորհիվ: Գրանցած հաջողությունների շարքում գերակշռող են ՀՀ, միջազգային, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նվաճած ոսկե մեդալները»,-նշել են ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն