Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ. Արմեն Չարչյանի գործով որոշումը կհրապարակվի հուլիսի 8-ին
Վերաքննիչ քրեական դատարանն ավարտեց «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի արդեն նախկին ղեկավար, բժիշկ Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունը։
«Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակի հուլիսի 8-իօն, ժամը 11-ին»,- Այս մասին, այսօր՝ հուլիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արմեն Չարչյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը:
«Մեղադրող կողմը պնդում է, որ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ պարոն Արմեն Չարչյանը առնչություն ունի իրեն մեղասգրվող արարքի կատարման հետ եւ փաստացի այն հիմնավորումներն են, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարանում:
Մենք ներկայացրել ենք մեր հակափաստարկները դրա վերաբերյալ: Խնդրել ենք դատարանին, որ պատշաճ գնահատականի արժանացնի մեր կողմից տրամադրված տեսաձայնագրությունը: Դատախազը շարունակում է պնդել, որ քննությանը խոչընդոտելու ռիսկը մեծ է, եւ եթե պարոն Չարչյանը մնա ազատությանմեջ, ապա վկաների վրա ազդեցություն կգործադրի: Միայն վկայի ֆիզիկական գոյությունը դեռ նշված վկայի վրա ազդեցություն գործադրելու անվերապահ հանգամանք չէ: Պետք է լինեն փաստական տվյալներ, որոնք վարույթ իրականացնող մարմնի մոտ կարող են ողջամիտ կասկածները ստեղծել, որ մեղադրյալն ազատության մեջ մնալով վկայի վրա կազդի: Թե քննիչը, թե դատախազը չներկայացրեցին որեւէ փաստական տվյալ»,-ասաց նա:
Պաշտպանը նշեց, որ խոսքը մոտ 280 վկայի մասին է, բայց նրանցից հարցաքննվել են 60-70-ը. «Բոլորը մասնակցել են հայտնի հավաքին: Որեւէ անձ չկա, որը կարող է ասել, որ պարոն Չարչյանը իրեն հարկադրել է մասնակցել կամ չմասնակցել ընտրություններին: Բոլորը նշել են, որ պարոն Չարչյանի խոսքն ընկալել են ոչ որպես հարկադրանք, այլ որպես խնդրանք, հորդոր, քաղաքացիական պարտքի դրսեւորման տեսանկյունից: Մեղադրական բնույթի ցուցմունք պաշտպանական կողմի գնահատմամբ առկա չէ»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք նման վկայությունների պատճառն այն չէ, որ ԲԿ-ի աշխատակիցները ճանաչում են Արմեն Չարչյանին, գնահատում են, սիրում են, կամ վախենում են աշխատանքը կորցնել, պաշտպանն ասաց. «Դա վերացական դատողություն է»: