Երեկ «Հաղթանակ» զբոսայգուց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված ԱՄՆ քաղաքացի 17-ամյա Ռոբերտ Օ.-ի վիճակը գնահատվում է կայուն: Ոտքի վրա առկա են քերծվածքներ, գլխի մաշկային ծածկույթին կան սալջարդեր: Պատանին բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո անցել է բոլոր հետազոտությունները: Նրա քույրը՝ 18-ամյա Նատալյա Օ.-ն, ձեռքի հատվածում է ստացել վնասվածքները, հիվանդանոցում անցել է համապատասխան զննում, որից հետ նույն օրն էլ դուրս է գրվել:

Այս մասին «Հայկական Ժամանակի» հետ զրույցում ասաց ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը:

17-ամյա տղան վնասվածքներ է ստացել «Հաղթանակ» զբոսայգու «Մրրիկ» ատրակցիոնի հետևանքով: Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ վնասվածքները եղել են ատրակցիոնի նստատեղի պոկվելու հետևանքով, ընդ որում՝ տուժել է և՛ տղան, և՛ նրա 18-ամյա քույրը: Սակայն զբոսայգու տնօրեն Վահրամ Ներսիսյանը մեզ հետ զրույցում ասաց՝ տղան միայնակ է ստացել վնասվածքները, չնայած քույրը ատրակցիունում կողքն է եղել, հնարավոր է՝ ատրակցիոնից փորձել է դուրս գալ դրա ընթացքի ժամանակ, վախի հետևանքով:

«Երեկ էլ դեպքի վայրում ես տեսա երեխային, արագ շտապօգնություն կանչեցինք: Երեկ վերակենդանացման բաժանմունքում է եղել, այսօր տեղափոխել են պալատ, անալիզներ են արել, ամեն ինչ նորմալ է իր հետ: Հիմա նախաքննությունն է գնում, դա էլ կպարզի՝ ինչպես է վնասվածքները ստացել: Ոստիկանները ատրակցիոնը պլոմբել են, ոչ մի կոտրվածք ատրակցիոնի վրա չկա: Հավանաբար վեր է կացել վախից, քանի որ ատրակցիոնը արագ է պտտվում, բայց մենք կանոնակարգ ունենք, էդտեղ գրված է մանրամասն, թե ինչ անեն»,- ասաց տնօրենը և հավելեց, որ գալիս է երեխային տեսակցելուց:

Կանոնակարգը, որի մասին նշում է տնօրենը, փակցված էր ատրակցիոնի կողքի կառույցին, ընդ որում՝ միայն հայերեն տարբերակով: Մեր այցելության պահին էլ զբոսայգին մարդաշատ չէր, տարածքի աշխատողները նշում էին, որ ոչինչ չեն տեսել և լսել՝ կապված դեպքի հետ, իսկ «Մրրիկ» ատրակցիոնի աշխատակիցը տեղում չէր: Ատրակցիոնից էլ ոչինչ պոկված չէր, վագոնները տեղում էին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն