Արժևորված դրամը՝ խնդիր կառուցապատման շուկայում
Փոխարժեքի շուկայի անկայուն վիճակը խնդիրների առջև է կանգնեցրել կառուցապատողներին։ Նրանք դժգոհում են դրամի արժևորման բացասական հետևանքներից։ Հասարակությունը ավանդաբար դոլարով է գնահատել տներն ու մեքենաները՝ անկախ հանգամանքից, որ բոլոր պայմանագրերը կնքվում են դրամով։ Հենց կառուցապատման ոլորտն էլ կրում է դոլարի արժեզրկման բոլոր հետևանքները՝ ասում են կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչներն ու վստահեցնում՝ ոչ միայն շահութաբերություն ապահովելու, այլև վնասներ չկրելու խնդրի առջև են։ Նրանք ԿԲ–ի գործուն միջամտությունն են ակնկալում։
Փոխարժեքի շուկայի տատանումները խնդիրների առջև են կանգնեցրել կառուցապատողներին։ Մինչ այդ դրամի արժևորման բացասական հետևանքների մասին խոսել էին արտահանողները։ Կառուցապատողներին անհանգստացնում է փոխարժեքի շուկայի անկայուն իրավիճակը։ Մեկ տարվա ընթացքում դրամի շուրջ 20 տոկոս արժևորումն, ասում են, լուրջ մարտահրավերների առջև է կանգնեցրել կառուցապատողներին։ Նրանք բախվել են շահութաբերության ապահովման խնդրին՝ նշում է կառուցապատող ընկերության բաժնետեր, տնտեսագետ Արտակ Անդրեասյանը։ Այս պայմաններում կառուցապատողները երկար աշխատել չեն կարող՝ ասում է.
«525-530 կուրսի ժամանակ թանկ ու կրակ առած մետաղով կառուցել են շենքեր, եկել են շենքերի ինչ–որ պրոգրեսիվ մակարդակի, հիմա արդեն իջել է դոլարի փոխարժեքը, այսինքն՝ արժեվորվել է դրամը, և այդ տարաժամկետ կնքած պայմանագրերի մասով ստանում են 25 տոկոս պակաս հասույթ։ Ցույց տվեք մի բիզնես ոլորտ, որտեղ հասույթը 25 տոկոս նվազի միանգամից ու կտրուկ, դա լինի տևական, ու այդ բիզնեսը կարողանա ոտքի կանգնել կամ դիմանալ»։
Անշարժ գույքն ու ավտոմեքենան միշտ ունեցել են դոլարային փոխարժեք։ Եվ սա խնդիր է առաջացնում այն տեսանկյունից, որ կառուցապատման շուկայում կնքված պայմանագրերն ինդեքսավորվում են դոլարով, ինչն էլ խնդիր է դառնում շուկայի համար՝ ասում է «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» խորհրդի անդամ Տիգրան Հարությունյանը։ Նրա գնահատմամբ՝ կառուցապատման շուկան երկու կողմից ճնշման տակ է հայտնվել։ Մի կողմից՝ ավելացել են շինարարության ծավալներն ու ինքնարժեքն են մեծացել, մյուս կողմից՝ դոլարն արժեզրկվել է.
«Այսինքն՝ կառուցապատման ոլորտում առաջացել է խնդիր երկկողմանի․ մի կողմից շինարարության ինքնարժեքի ավելացումը, մյուս կողմից՝ կնքված պայմանագրերի արժեքի նվազում։ Շատ կառուցապատողներ ունեն եկամտաբերության խնդիր և վնասներ են կրում»։
Կառուցապատման ոլորտում ինքնարժեքը հաշվարկվում է դոլարի նկատմամբ դրամի կուրսով, ինչի հետևանքով արդեն շատ ընկերություններ դադարեցրել են անշարժ գույքի վաճառքը, քանի որ դոլարի արժեզրկման հետևանքով այլևս փոխվել է կառուցապատման ինքնարժեքը, հատկապես շինարարական նյութերի թանկացման ֆոնին։
Կառուցապատողները ԿԲ–ին կոչ են անում շտապ քայլեր ձեռնարկել դրամի հետագա արժևորումը դադարեցնելու և դրամը տարեսկզբյան փոխարժեքին վերադարձնելու ուղղությամբ.
«Տրամաբանական կլինի դրամի վերաֆինանսավորման իջեցումը։ Երկրորդ տրամաբանական քայլը կլիներ, եթե այսօր ստեղծվեր դոլարի դեֆիցիտ, արժույթի ֆոնդերը վերականգնել, որոնք մենք օգտագործում էինք այն ժամանակ, երբ որ ունենք դոլարի բարձրացում։ Երբ դոլարը կարող էր երկու շաբաթ բարձրանար մինչև 570-580 դրամ»։
ԿԲ –ն այս հարցի առնչությամբ նոր մեկնաբանություն առայժմ չունի։ Գլխավոր դրամատան նախագահ Մարտին Գալստյանն ավելի վաղ տրված մեկնաբանությամբ նշել էր՝ Կենտրոնական բանկը փոխարժեքի տատանումների վրա ազդեցություն չունի, իսկ եթե արհեստականորեն արժեզրկի դրամը, գնաճային նոր ռիսկեր կառաջանան։ Դրա հետևանքով ավելի հանրության ավելի մեծ խմբերի կտուժեն.
«Արտահանող ճյուղի հետ կապված չեմ բացառում, որ կլինեն դեպքեր, երբ դրամի արժեւորումը կարող է որոշակի խնդիրներ առաջացնել որոշ ընկերությունների համար։ Բայց էական է այն հարցը թե ոնց ենք լուծելու այս խնդիրը։ Լուծման մի տարբերակը, որ առաջարկվում էր, արհեստականորեն դրամի արժեքը արժեզրկելն է։ Այդպես վարվելու դեպքում մենք ստեղծելու են գնաճային մի նոր, գնաճային ավելի վատ իրավիճակ,որը հարվածելու է ՀՀ բոլոր քաղաքացիներին, ներառյալ արտահանողներին»։
Կառուցապատողների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամները վստահեցնում են նաև, որ այս պայմաններում էլ բնակարանների գների բարձրացում չի արձանագրվել։