Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ հայտնի բժիշկ, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի հուլիսի 8-ին ժամը 11։00-ին։ Դատարանից դուրս գալով՝ հայտնեց Ա. Չարչյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը:

Նա նշեց, որ արդյունավետ և լավ քննարկում է տեղի ունեցել բողոքի քննության շրջանակներում:

«Դատախազի փաստարկները նույնն են, պնդում է՝ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ պարոն Չարչյանն առնչություն ունի իրեն վերագրվող հանցավոր արարքի կատարման հետ: Նույն հիմնավորումներն են, ինչ ներկայացրել է առաջին ատյանի դատարանում: Մենք ներկայացրել ենք մեր հակափաստարկները դրա վերաբերյալ, հիմնավոր կասկածի տեսանկյունից խնդրել ենք դատարանին, որ պատշաճ գնահատականի արժանացնի մեր կողմից տրամադրված  տեսաձայնագրությունը, ինչը պատշաճ գնահատականի չէր արժանացրել հենց առաջին ատյանի դատարանը»,- ասաց պաշտպանը:

Նրա խոսքով, դատախազը շարունակում է պնդել, որ քննությանը խոչընդոտելու ռիսկը մեծ է, առկա պայմաններում, եթե պարոն Չարչյանը մնա ազատության մեջ, վկաների վրա ազդեցություն կգործադրի:

«Մենք այդ հենքի համատեքստում ներկայացրել ենք մեր հակափաստարկներն այն տեսանկյունից, որ պետք է հասկանալ՝ ի վերջո բոլոր քրեական գործերով կան վկաներ: Բայց միայն վկայի ֆիզիկական գոյությունը քրեական գործով դեռ նշված վկայի վրա ազդեցություն գործադրելու անվերապահ հանգամանք չէ, պետք է լինեն փաստական տվյալներ, որոնք վարույթ իրականացնող մարմնի մոտ կարող են ողջամիտ ենթադրություններ ստեղծել, որ մեղադրյալը պարտադիր մնալով ազատության մեջ, այս կամ այն վկայի վրա կազդի: Բայց թե քննիչը, թե դատախազը չներկայացրեցին որևէ փաստական տվյալ, որը նրանց մոտ նման ենթադրություն կարող է առաջացել»,- մանրամասնեց Է. Ալեքսանյանը:

Պաշտպանական կողմը նաև մեկ այլ կարևոր հանգամանքի վրա է հրավիրել դատարանի ուշադրությունը:

«Ի սկզբանե կալանավորման միջնորդության քննարկման շրջանակներում քննիչը, ի թիվս այլ հիմքերի, ներկայացրել էր քննությունից թաքնվելու հիմքը, բայց երբ առաջին ատյանի դատարանն արձանագրեց, որ թաքնվելու հիմքը գոյություն չունի, նաև գնահատեց արդեն իսկ պարոն Չարչյանի կողմից 2-3 օր ազատության մեջ գտնվելու հանգամանքը, այսինք գտնվել է  ազատության մեջ, որևէ խուսափողական գործողություններ չի կատարել:
Այդ հիմքի տեսանկյունից խնդրել ենք նաև քննությանը խոչընդոտելու հիմքն էլ գնահատվի»,- ասաց պաշտպանը:
Նա նշեց, եթե չի սխալվում, խոսքը մոտ 280 վկայի մասին է, սակայն առաջին հայացքից ծանոթանալով նյութերին, պարզ է դարձել, որ հարցաքննվել են մոտ 60-70 վկա:

«Մի քանի ցուցմունքի եմ  կարողացել ծանոթանալ: Որևէ անձ չկա, որը կարող է ասել, որ պարոն Չարչյանը հարկադրել է նրան մասնակցել կամ չմասնակցել ընտրություններին, կամ Չարչյանի այդ խոսքերն ընկալել է որպես հարկադրանք: Ընդհակառակը, բոլորը նշել են, որ ընկալել են որպես հորդոր, խնդրանք, բացառապես քաղաքացիական պարտքի դրսևորում: Ավելին՝ գրեթե բոլորը  հայտնել են քննիչի, որ եթե անգամ քննիչը ծանոթ լիներ պարոն Չարչյանի անձին, ապա նույնպես այդ կարծիքը կունենար»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը:

Նա հայտնեց, որ մեղադրանքի բնույթի ցուցմունք պաշտպանական կողմի գնահատմամբ առկա չէ. «Միայն այն հանգամանքը, որ վկաներն ասում են՝  պարոն Չարչյանի խոսքերը որպես հարկադրանք չենք դիտել, այլ որպես  խնդրանք ու հորդոր, գտում ենք, որ վերագրվող  հանցակազմի օբյեկտիվ կողմի տեսանկյունից դրանք ավելի շատ մեզ համար պաշտպանողական բնույթ են կրում, ոչ մեղադրական»: 

Է. Ալեքսանյանի խոսքով, պարոն Չարչյանի խոսակցության միայն վերջաբանն արդեն իսկ բացառում է հիմնավոր կասկածը հանցակազմի տեսանկյունից և առհասարակ ջախջախում է մեղադրանքը:

Նա հայտնեց, որ ներկա պահին Արեմն Չարչյանը գտվում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, նրան տեղափոխել են հուլիսի 3-ին:
«Այնպես չէ, որ նրա առողջական վիճակը լավ է: Ունի շաքարային դիաբետ, շատ բարձր է ներկա պահին: Երբ նրան տեղափոխում էին, կար բժշկի կողմից տրամադրված համապատասխան տեղականք, ուղեգիր, որ  բժշկական հսկողության կարիք ունի, և այդ բժշկական հսկողությունը փաստացի նրան այս պահի դրությամբ չի ապահովվում»,- ասաց Ա.Չարչյանի պաշտպանը:

Նա նշեց, որ արդեն ձեռնարվում են համապատասխան միջոցներ Դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու համար:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանը մեկ ամսով կալանավորվել է։ Պաշտպանները հունիսի 24-ին ներկայացրել են  վերաքննիչ բողոք։
Պրոֆեսոր Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն