Հնարավո՞ր է արդյոք զարգացնել հանքարդյունաբերության ոլորտը՝ առանց բնապահպանական ռիսկերի։ Փորձագետներն ասում են՝ հնարավոր է ոչ թե բացառել ռիսկերը, այլ դրանք նվազագույնի հասցնել՝ զարգացնելով պատասխանատու հանքարդյունաբերություն։ Հայաստանի կառավարությունը ոլորտի ամենամեծ կազմակերպության՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 15 տոկոս բաժնետերն է, բաժնեմասը ձեռք է բերել  նվիրատվությամբ։ Կոմբինատում այս տարի 22 մլն տոննա հանքաքարի արդյունահանում ու վերամշակում կիրականցնեն նախատեսում։ 

Հայեցակարգային առումով  նոր հանքարդյունաբերություն՝ ավելի երկար արժեշղթայով, ավելի արդիականացված և շրջակա միջավայրին ավելի քիչ վնասներով՝ խոստանում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ)–ում։ Հանքարդյունաբերական այս ընկերությունն արդեն մի քանի տարի գլխավորում է խոշոր հարկատուների ցանկը։ Խնդրահարույց համարվող այս ոլորտն էլ տարիներ շարունակ ապահովում է  հարկային մուտքերի ու տուրքերի ծանրակշիռ մասը։ 



Նախորդ սեպտեմբերին «Գեոպրոմայնինգին» պատկանող «Արդյունաբերական ընկերությունը» ձեռք էր բերել ԶՊՄԿ բաժնետոմսերի 60 տոկոսը, հետո  15%-ը նվիրել էր  կառավարությանը։ Գործադիրն  էլ  իր բաժնեմասին հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման է հանձնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի»–ն՝ ԱՆԻՖ-ին։ «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյ․



«Ոլորտը համարվում է տնտեսության շարժիչ ուժը։ Անցյալ տարվա առաջին վեց ամսվա համեմատ մենք բյուջեի մուտքերը ավելացրել են 5 անգամ։ Դրանք միջոցներ են, որոնք ուղղվում են հարկերի վճարմանը, տարբեր առողջապահական, կրթական ծրագրերի  իրականացմանը»։ 

Վերջին տարիներին  Հայաստանի արտահանման 30-40%–ը բաժին է ընկնում  հանքարդյունաբերական արտադրանքին։ Համախառն ներքին արդյունքի 6-10%–ը նույնպես այս ոլորտինն է։ Այս ցուցանիշները ստիպում են հաշվի նստել ոլորտի հետ՝ մտածելով  ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ։ 



ԶՄՊԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ,  Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը նկատում է՝ ոլորտի զարգացումն ու հատկապես արտահանման ծավալներն ուղղակիորեն կախված են միջազգային շուկաներում պղնձի ու մոլիբդենի գներից․

«Ցավոք, վերջին մեկ ամսվա ընթացքում տեսնում ենք գների անկում։ Դա պայմանավորված է ընդհանրապես համաշխարհային  տնտեսության անկումով։ Կարելի է ասել՝ բարձր գների փուլն անցել ենք ու թևակոխել ցածր գների ժամանակահատված։ Սա իր բացասական ազդեցությունը կունենա ոլորտի վրա»։

Տարվա առաջին կեսին հարկային մուտքերի ավելացումը պայմանավորված էր պղնձի համաշխարհային գների բարձրացմամբ, նույն տրամաբանությամբ  գների  նվազումն  ուղղակիորեն ազդելու է ոչ միայն հանքարդյունաբերական ընկերությունների, այլև  մեր երկրի բյուջեի եկամուտների վրա։

Խնդրահարույց այս ոլորտի ներկայացուցիչները վստահեցնում են՝ անում են ամեն ինչ նվազագույնի հասցնելու  բնապահպանական ռիսկերը։ ԶՊՄԿ  բնապահպանության բաժնի պետ  Հասմիկ Մկրտումյանը նկատում է՝ դեպի հանք ու խոշոր ջարդման արտադրամաս  տանող ճանապարհները պարբերաբար  ջրում են՝ դրենաժային համակարգից վերցված ջրով՝ փոշու հետ կախված ռիսկերը նվազեցնելու համար։ Նոր օդափոխման համակարգերն էլ 2019–2020 թվականներից մաքրում են օդը հանքաքարի ջարդման արտադրամաս մտնող ու ջարդվող հանքաքարի փոշուց․

«Նախատեսվում է, որ համակարգը  հավաքի արտադրամասում աշխատանքի ընթացքում առաջացած փոշին՝ հանքաքարը բեռնատարներով աղացման բունկեր լցվելիս մինչև տեղափոխում։ Ասպիրացիոն համակարգերը ավտոմատ են, հենց սկզբից են միանում։ Փոշին անցնում է համապաատսխան ֆիլտրերի միջով, լցվում պարկերի մեջ։ Փոշին վերադառնում է հարստացուցիչ ֆաբրիկա՝ իրականցվելով ֆլորտացիոն պրոցես, այսինքն այդ փոշուց նույնպես մետաղները կորզում են»։

Այս վստահեցումները բնապահպանների մտահոգությունները չեն փարատում։  Վերջինները շարունակում են  ահազանգել՝ հանքարդյունաբերությունը բացասական է  ազդում կանաչապատ ու անտառապատ տարածքների վրա։ Հասմիկ Մկրտումյանը նշում  է՝ կանաչն աճում է, բայց՝ դանդաղ։ Սա, ըստ բնապահպանության բաժնի պետի, բացատրություն ունի․

«Դրանք լանջեր են, և այդտեղ իրականացնել ինտենսիվ կանաչապատում, ոնց կարող ես անել հարթավայրում, նաև անվտանգության տեսանկյունից ճիշտ չէ, քանի որ կարող ես ջրել և էռոզիա կամ սողանք առաջացնել։ Ուստի՝ այդտեղից հանված հողը, երբ նորից լցնում ենք, այդտեղ ցանում ենք այն սերմերը, որոնք բնորոշ են այդ տարածաշրջանին, օրինակ, բոխի կամ կաղնի»։

ԶՄՊԿ–ում այս տարի նախատեսում են  22 մլն տոննա հանքաքարի արդյունահանում ու վերամշակում իրականացնել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն