Արցախի Հանրապետությունում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի, «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա նշել է, որ Արցախում զորակոչիկները կշարունակեն զորակոչվել պաշտպանության բանակում ծառայելու:

«Պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ օգնության են հասել  ԱՀ Պաշտպանության բանակին: Հրադադարի հաստատումից և ԼՂ-ում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումից հետո ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների դուրսբերումը Արցախից տրամաբանական է»,- ասել է Գրիգորյանը՝ Արմենպրեսի խնդրանքով մեկնաբանելով հնչող քննադատությանը,  Հայաստանը զորքերը հանելով, Արցախին թողնում է անպաշտպան:

Հարցին թե արդյո՞ք դա չի նշանակում, որ Արցախը մնում է անպաշտման, ԱԽ քարտուղարը պատասխանել է․

«Ոչ, որովհետև նախկինում էլ ԼՂ անվտանգության ապահովման գործառույթն իրականացրել է ԼՂ Պաշտպանության բանակը: Եվ այս առումով որևէ բան չի փոխվում: Չնայած՝ պետք է մի բան արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայումը պիտի անվտանգության երաշխիք լինի»:

Լրագրողի դիտարկմանը, որ Փառուխի դեպքերը ցույց տվեցին, որ այդպես չէ, Գրիգորյանն ասել է․

«Փառուխի դեպքերը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և կիրառելի միջազգային իրավունքի կոպիտ խախտում են: Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ներխուժեցին Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի: Ռուսաստանի Դաշնությունը մեզ հավաստիացրել է, որ ներխուժած ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան այնտեղից, և մենք հույս ունենք, որ ՌԴ խաղաղապահ ուժերը կապահովեն ապօրինի ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտուց: ՌԴ խաղաղապահ ուժերի առկայությունն ինքնին վկայում է ԼՂ բնակչության համար իրական գոյաբանական վտանգի առկայության հանգամանքի ընդունում ՌԴ կողմից, և խաղաղապահ ուժերն առանցքային նշանակություն ունեն ԼՂ հայության անվտանգության երաշխավորման գործում»։

Այսպիսով, հայաստանյան ժամկետային զինծառայողներ սեպտեմբերից հետո չեն լինելու Արցախում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն