Արմեն Չարչյանը գտնվում է ՔԿՀ-ում, թեեւ բժիշկները նշում էին, որ նա ունի բժշկական վերահսկողության կարիք. պաշտպան
Արմեն Չարչյանը գտնվում է քրեակատարողական հիմնարկում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի արդեն նախկին ղեկավար, բժիշկ Արմեն Չարչյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը:
«Երբ նրան տեղափոխում էին, համապատասխան տեղեկանք-ուղեգիր կար բժշկի կողմից տրված, որ նա ունի համապատասխան բժշկական հսկողության կարիք եւ դա փաստացի այս պահի դրությամբ չի ապահովվում»,-ասաց նա՝ հավելելով, որ հիմա համապատասխան միջոցներ են ձեռնարկում, որ Չարչյանին տեղափոխեն հիվանդանոց:
Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։
Նրան կալանավորելու որոշում է կայացրել առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը։ Նա գտել էր, որ քննությանը խոչընդոտելու հիմքն առկա է։
Հավելենք, որ Չարչյանին ձերբակալելը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։ Նա ազատ արձակվելուց հետո ասուլիս էր տվել, որի ժամանակ անդրադարձել էր հարուցված քրեական գործին ու պնդել, որ այն «կարված գործ է»։
Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էր մի ձայնագրություն, ըստ որի Չարչյանը բժշկական կենտրոնի իր աշխատակիցներին հորդորում էր՝ մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ըստ պաշտպանական թիմի ՝դատարան է ներկայացվել այդ ձայնագրության մոնտաժված տարբերակը, ամբողջական տարբերակում, ըստ պաշտպանների, սպառնալիք կամ ճնշում չի գործադրվել իր աշխատակիցների նկատմամբ։