Քննարկվել է Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարության նախագիծը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության նախագիծը:
Զեկուցվել է, որ ռազմավարության մշակման աշխատանքները մեկնարկել են դեռևս նախորդ տարվա հոկտեմբերից, իսկ նախագծով նախատեսվող միջոցառումները ներկայացված են կոնկրետ ժամանակացույցով և չափելի ցուցանիշներով: Նախագիծն արդեն իսկ քննարկվել է հասարակական կազմակերպությունների և միջազգային գործընկերների հետ:
Նշվել է, որ ռազմավարության ընդունումը բխում է կառավարության գործունեության միջոցառումների ծրագրից: Նախագիծը բաղկացած է 12 ռազմավարական նպատակներից: Խորհրդակցությանը մանրամասն ներկայացվել են դատական համակարգի, փաստաբանության, ԴԱՀԿ, նոտարական ոլորտներում նախատեսվող բարեփոխումները, արբիտրաժային կենտրոնի ստեղծման գործընթացը:
Ռազմավարության նախագծով նախատեսվում են էլեկտրոնային արդարադատության ոլորտի բարեփոխումներ, մասնավորապես, գործընթացների և փաստաթղթաշրջանառության թվայնացման ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել նաև սնանկության, քրեական, քաղաքացիական, ընտրական և սահմանադրական ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին ու դրանց նպատակներին:
Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված ռազմավարության ընդունումը և շեշտել, որ դատական և իրավական ոլորտներում բարեփոխումները կառավարության առաջնահերթություններից մեկն են ու գործադիրը հետևողական է լինելու վերջիններիս արդյունավետ իրականացման գործում: