Եթե համայնքներն ունենան արևային կայաններ, կստեղծվի համայնքային բյուջեի եկամուտների նոր հոդված: Էլեկտրաէներգիայի շուկան ազատականացվել է, պետությունն էլ ամեն կերպ խթանում է վերականգնվող էներգետիկայի զարգացումը՝ ասում է Էներգախնայողության աջակցման հիմնադրամի տնօրենը: Պետությունը համայնքին առաջին անգամ լիցենզավորված գործունեության հնարավորություն է տալիս:

Աստղինե Պասոյան (Էներգախնայողության աջակցման հիմնադրամի տնօրեն) - Օրինակ՝ Արթիկի արևային կայանը օրական 100 հազար դրամի վաճառք կարող է ունենալ, և համայնքը քաջ գիտակցում է, որ օր առաջ կայանը շահագործման հանձնելը նշանակում է համայնքային եկամուտների լուրջ հոսք:

Արթիկը լիցենզավորված էներգաարտադրությամբ առաջին համայնքն է: 1 կիլովատտ ժամի դիմաց 26 դրամով է Արթիկի նոր արևային կայանը իր արտադրած էներգիան վաճառելու ՀԷՑ-ին: 600 կիլովատտ պիկային հզորությամբ կայանը էլեկտրաէներգիայի վաճառքից տարեկան գեներացնելու է շուրջ 33 միլիոն դրամ. ածխաթթու գազի արտանետումները տարեկան կկրճատվեն 570 տոննայով: Պասոյանի խոսքով՝ համայնքում նման կայան ունենալը աշխատատեղերի ստեղծման համար նույնպես լավ հնարավորություն է.

Աստղինե Պասոյան - Դաշտը բաց է. 14,4 մեգավատտ հզորության կայանների համար հասանելի են լիցենզիաներ, նաև հասանելի է ամբողջ փորձը, որը ստեղծվել է Արթիկի արևային կայանի կառուցման ընթացքում. այնտեղ իրավական փաստաթղթեր են, լիցենզիոն հայտեր, բիզնես պլաններ, հաշվարկներ: Մենք մշակել ենք նաև գործառնական ձեռնարկ, թե համայնքն ինչպես պետք է այդ միջոցները տնօրինի:

Պետությունը շարունակում է համայնքային զարգացման ռազմավարությունը նաև սուբսիդիաներով: Եթե համայնքը չի կարողանում լիարժեք բավարարել իր ծախսերը կամ մտադիր է իրականացնել ներհամայնքային այլ ծրագրեր ևս, պետության աջակցությամբ համայնքային շենքերի տանիքներին կարող է ֆոտովոլտային կայան տեղադրել՝ ասում է Տարածքային ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանը:

Նարինե Ավետյան (ՏԿԵՆ տարածքային ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ) - Կարող ենք փաստել, որ 2018-2022 թվականները համայնքների հետ մենք իրականացրել ենք ֆոտովոլտային կայանների տեղադրման շուրջ 36 ծրագիր՝ ընդհանուր 1.3 մլրդ դրամ արժեքով, որից մոտ 750 միլիոնը պետական բյուջեի համաֆինանսավորումն է:

Համայնքներում ֆոտովոլտային կայանների տեղադրումը թույլ է տալիս և՛ հոգալ սեփական ծախսերը, և՛ ունենալ էներգախնայող լուսավորություն: Մեծամասշտաբ ծրագրերից Ավետյանն առանձնացնում է Գյումրունը՝ շուրջ 40 համայնքային շենքերի վրա տեղադրված ֆոտովոլտային կայանների արժեքը 740 միլիոն է կազմել: Չորս ծրագիր էլ 2022-ին են նախատեսում՝ Արմավիրի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում:

Նարինե Ավետյան - Ֆոտովոլտային կայանների տեղադրումը համայնքներում բավականին մեծ խնայողություն է բերում համայնքային բյուջեներում, քանի որ շուրջ 50 տոկոսով կրճատվում են այն ծախսերը, որոնք համայնքն ուղղում էր փողոցների լուսավորության, մանկապարտեզների, մշակույթի տների և երաժշտական դպրողների և համայնքային այլ շենքերի պահպանման համար:

Արևային կայաններից ստացվող եկամուտներն այսուհետ կարող են օգտագործվել համայնքային խնդիրների լուծման համար՝ արտաքին լուսավորությունից և շենքերի ջերմամեկուսացումից մինչև էլեկտրական մեքենաների ձեռքբերում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն