Երեկ՝ հուլիսի 24-ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղում, 55-րդ անգամ, նշվել է «Տերյանական պոեզիայի օրը», գրում է Jnews-ը:

Համավարակի հետ կապված երկամյա ընդմիջումից հետո տոնը նշվել է առաջին անգամ։

Մինչ համերգային մասի մեկնարկը հյուրերն այցելել են հայ մեծ գրող Վահան Տերյանի տուն-թանգարան և տուն-թանգարանի ցուցասրահ, որը վերանորոգվել է 2021 թվականին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից։



Տոնը նշել են գյուղից ոչ հեռու՝ դաշտում, ներկա են եղել Վրաստանի խորհրդարանի Ախալքալաք-Նինոծմինդա շրջանից պատգամավորներ Սամվել Մանուկյանը, Սեյրան Կյուրեղյանը, Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների տեղական ղեկավարությունը, «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթը, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանն ու այլ հյուրեր։

Միջոցառումը բացել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը։ Նա ողջունել է բոլորին, մաղթել հաճելի օր ու լավ տրամադրություն։



Իր ելույթում Շիրակ Թորոսյանը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների սերտ համագործակցությամբ, ինչպես նաև իր, Սամել Մանուկյանի և Սումբատ Կյուրեղյանի մասնակցությամբ լուծվել է հայոց լեզվի և գրականության ուսուցիչների որակավորման հարցը: Նրա խոսքով, իրենք կարողացել են ժամանակին հայոց լեզվի և գրականության ուսուցիչներին թեստերով ապահովել, ինչի արդյունքում ուսուցիչներն արդեն ատեստավորում են անցնում։



«Ուրախությամբ պետք է նշեմ, որ Ախալքալաքի շրջանում ազգությամբ վրացի բարձրաստիճան պաշտոնյաները լավ շփվում են հայերենով, իսկ մենք կարո՞ղ ենք շփվել պետական լեզվով, վստահ եմ՝ ոչ բոլորս, որպեսզի կարողանանք լիարժեք ինտեգրվել վրաստանի պետությանն և հանրությանը, մեզ անհրաժեշտ է տիրապետել վրացերենին: Հարգելի ընկերներ, սիրելի բարեկամներ երբեք չթուլացնելով հայերենը, ոչ հայերենի հաշվին, պետք է մեծ ջանքեր գործադրենք վրաց լեզուն սովորելու համար: Տերյանը ժամանակին ուսումնասիրել և թարգմանել է Շոթա Ռուսթավելիի «Ընձենավորը» պոեմը: Եթե մենք Տերյանի ժառանգորդներն ենք, պետք է այնպես անենք, որ շրջանում միայն երկու լեզու լինի՝ հայերեն ու վրացերեն, երբեք թույլ չտանք, որ մեր տարածաշրջանում ապրի երրորդ ազգը կամ հնչի երրորդ լեզուն։ Սա Վրաստանի և Հայաստանի պետական անվտանգության հրամայականն է»,- ասել է Շիրակ Թորոսյանը։

Ներկաներին ողջունել են Վան Բայբուրթը, տերյանագետ, գրականագետ Առուշան Հակոբյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը և այլք։

Սամվել Մկոյանը շնորհակալություն է հայտնել Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավարությանը և նշել, որ ցուցասրահի վերանորոգումն ավարտվել է, սակայն Վահան Տերյանի տուն-թանգարանում աշխատանքները դեռ չեն ավարտվել: Ուղղակի ավարտվել է առաջին փուլը, այժմ աշխատում են բանաստեղծի տուն-թանգարանի վերականգնման վրա։

Ելույթներին հաջորդել են համերգային համարները և Վահան Տերյանի բանաստեղծությունների ընթերցումները։

Ելույթ են ունեցել Նինոծմինդայի Մշակույթի տան «Փարվանա», Գանձա գյուղի «Գանձեր» համույթները, ինչպես նաև անհատ կատարողներ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն