Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին՝ օգտագործելով նրանց որպես քաղաքական գործիք․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթ է ունեցել Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա պատասխանել է նաև լրագրողների հարցերին։
Արարատ Միրզոյանը նախ նշել է, որ սա իր առաջին այցն է Չեխիա՝ երկիր, որը պաշտոնապես ստանձնել է Վացլավ Հավելի ժառանգությունն առաջ մղելու ուղին՝ կարևորելով մարդու իրավունքները, ժողովրդավարական զարգացումը, ամուր քաղաքացիական հասարակությունը և բազմակողմ համագործակցությունը:
«Ներկայումս Հայաստանի կառավարությունն իրականացնում է ժողովրդավարական բարեփոխումների և վերափոխումների իր հավակնոտ օրակարգը, և Չեխիան այս առումով մեր վստահելի գործընկերն է»,-ասել է ԱԳ նախարարը։
Նրա խոսքով՝ Հայաստանը մեծապես արժևորում է Չեխիայի հետ հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և պատմական բարեկամության վրա, և պատրաստակամ ենք որակապես նոր մակարդակի հասցնելու հայ-չեխական քաղաքական երկխոսությունը և միջպետական հարաբերությունները, այդ թվում՝ բարձր մակարդակի փոխայցելությունների, արտաքին գործերի նախարարությունների միջև կանոնավոր խորհրդակցությունների և միջխորհրդարանական ակտիվ շփումների միջոցով։
«Մեր քննարկումների ընթացքում ես և իմ գործընկերը պայմանավորվել ենք առավելագույն ջանքեր գործադրել տնտեսության, առևտրի և ներդրումների ոլորտներում ներուժի իրացման, ինչպես նաև միջմշակութային փոխանակումների և մարդկանց միջև շփումների խթանման ուղղությամբ»,-նշել է Միրզոյանը։
Նա իր ելույթում ասել է, որ Հայաստանն ու Չեխիան փոխշահավետ համագործակցություն ունեն նաև բազմակողմ ձևաչափերում՝ ներառյալ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում, ինչը, ըստ Միրզոյանի, մեծապես լրացվում է Հայաստան-Եվրամիություն համագործակցությամբ՝ իր հիմնաքարային՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով:
«Մենք բարձր ենք գնահատում Չեխիայի ակտիվ դերը նաև Արևելյան գործընկերության ձևաչափի խթանման գործում և պատրաստ ենք միավորել ջանքերը համագործակցության այս հարթակը փոխըմբռնման, ներառականության և արժանիքների վրա հիմնված սկզբունքով պահպանելու համար»,- ասել է նախարարը:
Նա նաև ներկայացրել է քննարկման առանցքային հարցերը։
«Այսօր մենք մանրամասն քննարկել ենք նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին։
Նախարար Լիպավսկիին ներկայացրել եմ Հայաստանի դիրքորոշումն ու ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը առանցքային դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման հասնելու գործում։ Այս կապակցությամբ իմ երախտագիտությունն եմ հայտնում չեխական կողմին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին և դերակատարությանը շարունակական աջակցության համար։
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումից մոտ երկու տարի անց հումանիտար խնդիրները մնում են չլուծված։ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց՝ օգտագործելով նրանց որպես քաղաքական գործիք։ Խիստ մտահոգիչ է նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման, պղծման քաղաքականությունը։ Այս առումով միջազգային հանրությունից ակնկալում ենք հասցեական արձագանք և գործնական քայլեր։
Ուժի կիրառման և մարդու իրավունքների զանգվածային խախտումների հետևանքով ստեղծված իրողությունները չեն կարող կայուն հիմք ստեղծել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար։ Հայաստանը բազմիցս հայտարարել է նախապայմաններից և ռազմատենչ հռետորաբանությունից զերծ կառուցողական երկխոսության իր պատրաստակամության մասին՝ հանուն մեր տարածաշրջանում կայուն խաղաղության և զարգացման»:
Հարցին, թե ի՞նչ ազդեցություն ունեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Հայաստանի վրա, Միրզոյանն ասել է․
«Իհարկե, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն իրենց ուղղակի կամ անուղղակի բացասական ազդեցությունն ունեն Հայաստանի տնտեսական զարգացման և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում տնտեսական իրավիճակի վրա: Ուստի մենք փորձում ենք գտնել կարճաժամկետ և միջնաժամկետ լուծումներ և մեխանիզմներ՝ այս մարտահրավերները հասցեագրելու, և հնարավորության դեպքում, չեզոքացնելու համար: Հուսով եմ, որ մենք կհաջողենք այս գործընթացում»: