Պահածոյացման «պահածոյացված» խնդիրները․ աշխատողի կարիք կա, աշխատող չկա
Պահածոյի արտադրության, մթերման ու արտահանման ծավալները տարեցտարի ավելանում են․ էկոնոմիկայի նախարարությունն է փաստում։ Բայց այս ցուցանիշերի կողքին կան խնդիրներ, որոնք խոչընդոտում են տեղական միրգ-բանջարեղենի պահածոյացմանը՝ սկսած մթերումից մինչեւ աշխատող գտնել։ Թափուր աշխատատեղերը բազմաթիվ են, բայց դիմող չկա, մթերման պահանջարկը մեծ է, բայց այդքան մշակող չկա։
Պտուղ, բանջարեղենի ու մսամթերքի պահածոյացմամբ զբաղվող «Սիփան» գործարանը վերջին 5 տարում 20 տոկոս աճ ունի։ Արտադրանքի շուրջ 80 տոկոսը ԱՄՆ, Ռուսաստան, Եվրոպա ու Չիլի արտահանող ընկերությունն այս տարի ակնկալում է մոտ 50 տոկոս աճ։ Գործարանի տարեկան շրջանառությունը 1․2մլրդ դրամ է՝ «Ռադիոլուրին» կոմերցիոն տվյալներ է հայտնում կոմերցիոն գծով տնօրեն Մովսես Մանուկյանը։ Մթերման խնդիրներ չունեն, կազմակերպում են տարեկան պայմանագրերով։ Բայց մեծ խնդիր է աշխատուժը։ Պայմանները, ըստ պատասխանատուի, գրավիչ են, սակայն արձագանքողներ չկան։
«Կատաստրոֆիկ վիճակում է։ Այս տարի երկու միլիոն դոլարանոց պայմանագիր ենք խզել զուտ աշխատուժ չունենալու պատճառով։ Աշխատողներ ունենք, բայց ուզում ենք կրկնապատկել։ Պայմանները լավն են։ Ավտոբուսները մարդկանց տանում–բերում են։ Սակայն մարդ չկա։Գործարանը մոտ 60 աշխատող ունի։ Ուզում ենք կրկնապատկել ու եռապատկել»։
Նույն խնդիրն է բարձրաձայնում նաև տարեկան մեկ միլիոն տարա պահածո արտադրող «Հովսեփյանների» պահածոների գործարանի տնօրենը։ Շուրջ 1 միլիարդ դրամ շրջանառությամբ ընկերության տնօրեն Համլետ Հովսեփյանի խոսքով՝ աշխատուժի պահանջարկ միշտ ունեն։ 40 աշխատակցի թիվն այժմ գործարանն ուզում է կրկնապատկել, բայց դիմող չկա։
«Աշխատուժի պահանջարկ շատ կա, ինչքան ուզեք՝ կա։ Չեն գալիս, մենք գտնվում ենք Բագրևանդում, Չարենցավանից էլ ենք աշխատողների հրավիրում, բնականաբար, մեքենա ենք տրամադրում։ Ի պատիվ իրենց գալիս են։
-Միգուցե պայմաննե՞րն այն չեն, որ չեն գալիս։
-Չեմ կարող ասել»։
Աշխատողների խնդրից բացի՝ պահածո արտադրողների մյուս խնդիրը Լարսի ճանապարհն է։ Թեև ընկերությունների արտահանման աշխարհագրությունը մեծ է, սակայն հիմնական շուկան մնում է Ռուսաստանը։ «Սիփան» գործարանի կոմերցիոն գծով տնօրեն Մովսես Մանուկյանի խոսքով՝ մեկ մեքենան ՌԴ է հասնում մոտ 20 օրում։ Սրա հետևանքով առաջանում են լոգիստիկ խնդիրներ՝ կտրուկ բարձրանում են արժեքները։
«Գրեթե միշտ խնդիր ենք ունենում։ Հիմա էլ կա այդ խնդիրը։ 15 օր առաջ մեքենա եմ ուղարկել, բայց դեռ կանգնած են։ Նորմալ ժամանակ, եթե մեկ մեքենան այստեղից Մոսկվա արժեր 2000 դոլար, ապա հիմա այդ գինը 4000-6000 դոլար է։ Դա էլ ազդում է մեր ապրանքի արժեքի վրա։ Կարող է՝մեքենա ուղարկես, ու 0–ով դուրս գաս»։
Տնտեսագետ Գագիկ Մակարյանի խոսքով՝ աշխատուժի ներգրավման դժվարությունները շղթայական կապ ունեն Վերին Լարսի հետ։ Այսօր պահածոյագործները շատ ավելի բարձր են վճարում բեռնափոխադրումների համար, քանի որ մեքենաները երկար են գնում ճանապարհը։ Իսկ սա ենթադրում է թանկացում։ Շղթան այսպես է շարունակվում․
«Պահածո արտադրողներն աշխատում են ցածր եկամտաբերությամբ։ Իրենք բարձր եկամտաբերություն չունեն։ դրա հետևանքով իրենք բարձր աշխատավարձով չեն կարողանում աշխատուժ ներգրավել»։
Էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը տեղյակ է տնտեսվարողների խնդիրներին։ «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է՝ մարզերում ևս բերքահավաքի սեզոնին աշխատուժի խնդիր են ունենում գյուղմթերք արտադրողները։ Բայց նախարարությունն այս հարցում օգնել չի կարող։
«Ցավոք սրտի, այս առումով նախարարությունը ոչինչ չի կարող անել, որովհետև այստեղ ոչ թե մասնագիտացված աշխատուժի հարց է, այլ ավելի շատ բանվորական ուժի։ Մասնագիտացված աշխատուժի, մասնագետների առումով նախարարություը կարող է աջակցել, և որոշակի աջակցության միջոցառումներ կիրառվում են տեխնոլոգների, այլ մասնագետների վերապատրաստման ուղղությամբ»։
Մյուս խնդրի՝ Լարսի ճանապարհի մասով նախարարության պաշտոնյան շեշտում է՝ ակտիվ աշխատանք են տանում թե՛ ռուսական, թե՛ վրացական կողմի հետ։
«Թողունակությունը մեծացնելու համար շինարարական աշխատանքներ են տարվում վրացական կողմի հետ, իսկ մաքսազերծման կարողություններն ավելի մեծացնելու համար աշխատում են ռուսական կողմի հետ»։
Այսօր Հայաստանում պահածո արտադրող 45 տնտեսվարող է գործում։ Նախարարության տվյալներով՝ պահածոյագործների կողմից մթերման այս տարվա պահանջարկը շուրջ 148 հազար տոննա է, որից 99 հազար տոննան՝ բանջարեղեն, 49 հազար տոննան՝ միրգը։ Արդեն 13.5 հազար տոննա մթերում է կատարվել՝ նախորդ տարվա նույն շրջանի 11.5 հազար տոննայի դիմաց։ Ամենաշատը ծիրան է մթերվել՝ շուրջ 11.000 տոննա։ Ըստ Գևորգ Ղազարյանի՝ վերջին տարիներին ոլորտը դինամիկ աճում է ինչպես արտադրության ու մթերման ծավալներով, այնպես էլ արտահանման։ Փաստը 2019-2021-ի տվյալներն են։
«Արտադրության ծավալները 2019 թվականին կազմել են 29.3000 տոննա, 2020-ին՝ 32.6 հազար տոննա, 2021-ին մի քիչ նվազել է՝ 25.8 հազար տոննա, բայց եթե նայում ենք արտահանման դինամիկան նույն տարիներին, ապա 2019–ին արտահանվել է 20. 2000 տոննա, 20–ին՝ 28.6000, 21-ին՝ 36.2 հազար տոննա։ Արտադրության գծով նախորդ տարի մի փոքր նվազում կա՝ պայմանավորված լոլիկի սակավությամբ»։
Հիմնական մթերքը, որի մթերման խնդիր ունեն պահածոյագործները, լոլիկն է։ Մթերման պահանջարկը 69.000 տոննա է այն դեպքում, երբ նախորդ տարի լոլիկի մթերվել է շուրջ 22.5 հազար տոննա։ Լոլիկի մթերման եռապատիկ պահանջարկ կա, ասում է զրուցակիցս։ Ընդհանուր մթերումից պահածոյագործները գոհ են։