Հաստատվել է Արցախի բռնազավթված տարածքներում մնացած թանգարանների և ցուցասրահների հավաքածուների ցանկը
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ հուլիսի 28-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի երկրորդ նիստը:
Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել խորհրդի ձևավորումից հետո կարճ ժամանակահատվածում իրականացված փաստահավաք աշխատանքը և խորհրդի անդամների հետ քննարկել առաջիկա աշխատանքների ուղղվածությանն ու ծավալներին առնչվող հարցեր:
Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի միջոցառումների պլանի կատարման ընթացքի մասին զեկույցով հանդես է եկել խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը:
Օրակարգի հերթական հարցով հաստատվել է Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքներում մնացած թանգարանների և ցուցասրահների հավաքածուների ցանկը:
Շահագրգիռ քննարկում է ծավալվել հետազոտական և տեղեկատվական տարբեր միջոցառումների իրականացման ընթացքի հետ կապված՝ հստակեցնելով խորհրդի ու լիազոր մարմինների առաջիկա անելիքները: