ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանն անդրադարձել է հայ գերիների վերադարձի հարցին
Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցին: Նա հիշեցրել է, որ Նիդերլանդները կոչ է արել Ադրբեջանին վերադարձնել հայ ռազմագերիներին: Դեսպանն ընդգծել է, որ այդ և այլ հարցերում իրենց ջանքերը կենտրոնացնում են ԵՄ-ում:
«Նիդերլանդները, որպես առանձին երկիր, փոքր է իր ծավալներով ու ներուժով, այդ իսկ պատճառով մեր բոլոր ջանքերը կենտրոնացնում ենք ԵՄ կառույցում, որպեսզի Հայաստանը հնարավորինս շատ երկրներից օգնություն ստանա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրավիրված ասուլիսում նշել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսը:
Նա նշեց, որ քաջատեղյակ է ընթացիկ իրավիճակից (խմբ.-ՀՀ-ի սահմանին տիրող իրավիճակին): Դեսպանը սոսկալի է համարել այն, ինչ տեղի ունեցավ 44 օրյա պատերազմի ընթացքում:
«Տեղյակ ենք հումանիտար կարիքների հետ կապված հարցերից, փորձել ենք կենտրոնացնել մեր ռեսուրսներն օգնություն ցույց տալու համար: Նիդերլանդները փորձել է ԵՄ-ի միջոցով ֆինանսական հատվածներ ուղղել Հայաստանին»,-ասաց դեսպանը:
Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած ծավալուն քննարկումների արդյունքում հունիսին կայացած լիագումար նիստում խորհրդարանը միաձայն ընդունել է բանաձև, որով պահանջում է հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակում։