Եվրոպական միությունը հաստատել է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» և «Հայաստանի ՔՈՎԻԴ-19 դիմակայման պայմանագիր» բյուջետային աջակցության ծրագրերի շրջանակում դրամաշնորհի ձևով 14.2 մլն եվրո հատկացման փոխանցումը Հայաստանի Հանրապետությանը։

Փոխանցման հաստատման որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով ընտրված ոլորտային ուղղություններում առաջընթացի գնահատման դրական արդյունքները, մակրոտնտեսական կայունությունը, պետական ֆինանսների կառավարման և պետական բյուջեի թափանցիկությունը։

«Այս հատկացումը Եվրոպական միության և Հայաստանի կառավարության միջև հաջող համագործակցության արդյունք է և արտացոլում է համավարակի հետևանքներից վերականգնման և ՀԸԳՀ համաձայնագրի իրականացման Կառավարության հանձնառությունը»,- նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

«ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Եվրոպական միության հետ արդյունավետ գործընկերությունը՝ ուղղված Հայաստանի տնտեսական դիմակայունության բարձրացմանը և, երկրում ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդմանն ուղղված՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում ամրագրված հիմնական բարեփոխումների իրականացմանը»,- ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

14.2 միլիոն եվրո հատկացումների փոխանցումը կաջակցի Հայաստանին իրականացնել արդարադատության ոլորտի բարեփոխումները և մեղմել քովիդ-19 համավարակի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրները։ Եվրոպական միությունը կշարունակի աջակցել Հայաստանի Հանրապետությանը իրականացնել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (ՀԸԳՀ) համահունչ ստանձնած բարեփոխումները:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն