Անգլիացի երգիչ և երգահան Փիթեր Գեբրիելը անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանի հիշատակին նվիրված գրառում է կատարել: Այն ներկայացնում ենք ստորև.

«Ես սիրահարվեցի դուդուկին, երբ ուսումնասիրություններ էի կատարում Սկորսեզեի «Քրիստոսի վերջին փորձությունը» ֆիլմի համար: Ասում են՝ Հայաստանում, երբ դուդուկը լավ են նվագում, բոլորն արտասվում են: Ջիվան Գասպարյանը դուդուկի մեծագույն վարպետ էր:

Նրա հետ հրաշալի էր ընկերակցել, նա կատակասեր էր: Երբ նրան տեսնելու կամ նրա հետ նվագելու երջանիկ հնարավորություն էինք ունենում, ինձ դուր էր գալիս այն հոգին, որ կարծես դուրս էր հորդում նրանից:

Մի անգամ երեկոյան ընթրում էինք Real World Studios-ում, երբ նա վեր կացավ եւ ասաց. «Սա նվագում եմ մայրիկիս համար»: Չոր աչք չմնաց. երբ նա դուդուկը մոտեցնում էր շուրթերին, կախարդում էր բոլորին: Շնորհակալ եմ, Ջիվան»,- գրել է Փիթեր Գեբրիելը:

Հիշեցնենք, որ Ջիվան Գասպարյանի մահվան մասին հայտնի դարձավ երեկ՝ հուլիսի 6-ին: Նա 92 տարեկան էր:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն