«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է ՀՀ կառավարության ներկայացուցչի միջնորդությունը: «Փորձեցինք դատարանին խնդրանքներ ներկայացնել, որ պարտադրեն Ադրբեջանին կասեցնել դատական գործընթացները, ՀՀ կառավարությանը ներկայացնեն քրեական գործի նյութերը: Պահանջ ներկայացրինք առ այն, որ եթե դատարանը նման քայլերի չդիմի, ապա այս դատական գործընթացներով ուղղակիորեն, ամենօրյա ռեժիմով խախտում են արդար դատաքննության իրավունքը:

Պահանջում էինք, որպեսզի դատարանը կանխեր այս խախտումները, կիրառեր միջանկյալ միջոց այս տրամաբանությամբ դատավարության ընթացքում տեղի ունեցող խախտումները կանխելու տրամաբանության մեջ՝ հիմք ընդունելով այն, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքները չտրամադրելն ի վերջո հանգեցնելու են 2-րդ հոդվածի խախտման: Դատարանը մերժեց մեր ներկայացրած միջնորդությունը, որը ներկայացրել էինք հունիսի 30-ին:

Մերժումը ստացել ենք հուլիսի 2-ին»,- նախօրեին հայտարարել է ՀՀ կառավարության ներկայացուցիչը ՄԻԵԴ-ում: Ինչո՞ւ ստացանք մերժում: Այս հարցի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը բլից զրույց ունեցավ ԱԺ անկախ պատգամավոր, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Թագուհի Թովմասյանի հետ:

«Ես ուշադրությամբ հետեւեցի ՀՀ կառավարության ներկայացուցչի պարզաբանումներին, թե ինչ խնդրանքով է հայկական կողմը դիմել ՄԻԵԴ-ին՝ որպես հայցի ապահովման միջոց, սակայն չկար պարզաբանում, թե ինչ հիմնավորմամբ է մերժել ՄԻԵԴ-ը մեր դիմումը, մինչդեռ դա կարեւորագույն հարցն է: Արդյոք մեր ապացույցները անբավարա՞ր են եղել, հիմնավորումները՝ թույլ:

Սովորաբար նման դեպքերում ՄԻԵԴ-ը մերժում է միջնորդությունները անհիմն լինելու պատճառով: Եւ ի՞նչ է ստացվում. փաստորեն, ո՛չ ՀՀ դատախազությունը, որ հայտարարում էր, թե քրգործեր է հարուցել պատերազմական հանցագործությունների մասով (իսկ մեր գերիների հարցը եւս պատերազմական հանցագործություն է), ո՛չ Արդարադատության նախարարությունը եւ ո՛չ էլ ընդհանուր առմամբ կառավարությունը, որ հայտարարում էր, թե օրուգիշեր գերիների հարցերով են զբաղված, բավարար ապացույցներ, իրավական հիմքեր չեն հավաքել, չեն ապահովել:

Կհիշեք՝ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ 2019թ-ին էլ այս կառավարությունը չկարողացավ հիմնավորել, որ ականջները կտրված հայի ընտանիքը խոշտանգվել է: Այսինքն՝ այս իշխանությունը տապալեց նաեւ 2016-ի խոշտանգումների ու սպանությունների մասով գործերի քննությունը ՄԻԵԴ-ում: Կարծում եմ, որ եթե այս թերացումը շարունակվի գերիների մայր գործի քննության ժամանակ եւս դրսեւորվել, մենք ընդհանրապես ապագայում իսպառ կորցնելու ենք մեր ռազմագերիների իրավունքների պաշտպանության շանսերը:

Եվրադատարանի կողմից որեւէ բան մերժելը նշանակում է՝ թույլ փաստարկներ են ներկայացվել. սա միշտ պետք է հիշել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն