Բացահայտվել է քաղցրավենիքների խանութի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակության դեպքը. կա ձերբակալված
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ձեռնարկված վարութային և քննչական անհրաժեշտ գործողությունների արդյունքում բացահայտվել է քաղցրավենիքների խանութի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակության դեպքը:
Դեպքի վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022 թ. օգոստոսի 7-ին, ըստ որի՝ նախօրեին անհայտ անձը, թղթե տոպրակ վերցնելու պատրվակով, մուտք է գործել Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գործող քաղցրավենիքների խանութ և աշխատակցուհու նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել դրամարկղում առկա, նախնական տվյալներով, 540.000 ՀՀ դրամ գումարն ու դիմել փախուստի:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են խանութի սրահը տեսանկարահանող սարքի տեսագրությունները: Աշխատակցուհին ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:
Վարութային գործողությունների և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզվել է, ով Երևան քաղաքի 34-ամյա բնակիչ է: Վերջինս հայտնաբերվել է, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու ուղղությամբ: