«Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, բժիշկ Արմեն Չարչյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։

Քրեական գործը մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին։

Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

Նա այս պահին էլ կալանքի տակ է, այդ որոշումը կայացրել է առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը։ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարան, որն այսօր մերժվեց։

Հավելենք, որ Չարչյանին ձերբակալելը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։ Նա ազատ արձակվելուց հետո ասուլիս էր տվել, որի ժամանակ անդրադարձել էր հարուցված քրեական գործին ու պնդել, որ այն «կարված գործ է»։

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էր մի ձայնագրություն, ըստ որի Չարչյանը բժշկական կենտրոնի իր աշխատակիցներին հորդորում էր՝ մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ըստ պաշտպանական թիմի ՝դատարան է ներկայացվել այդ ձայնագրության մոնտաժված տարբերակը, ամբողջական տարբերակում, ըստ պաշտպանների, սպառնալիք կամ ճնշում չի գործադրվել իր աշխատակիցների նկատմամբ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն