Զոհված և վիրավորում ստացած զինծառայողների երեխաներն ամռանն անվճար կհանգստանան ճամբարներում. 335 մլն դրամ հատկացրեց
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 8-ի նիստում որոշում կայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջեն ավելացնել 335 մլն դրամով:
Նախագծով նախատեսվում է գումարն ուղղել զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաների ամառային հանգիստը մանկական առողջարարական ճամբարներում կազմակերպմանը: Ճամբարը նախատեսվում է կազմակերպել հետևյալ կազմակերպությունների միջոցով.
Խոսքը մոտ 7-13 տարեկան մոտ 3200 երեխայի մասին է. նրանք իրենց հանգիստը կանցկացնեն 20 օր՝ 2 հերթափոխով։
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ յուրաքանչյուր հերթափոխը կլինի 20 օր տևողությամբ, որում կընդգրկվեն 1600-ական մասնակից, իսկ հանգիստը կկազմակերպվի «Հասմիկ», «Արագած», «Հեքիաթային կիրճ», «Լավ աղբյուր», «Լուսաբաց», «Գուգարք» ճամբարներում և Հանքավանի «Խորոտ ջուր» առողջարանում:
«Ճամբարների համար անհրաժեշտ ընդհանուր գումարը կկազմի 335 միլիոն դրամ, որից 321,6 միլիոն դրամը կտրամադրվի կազմակերպություններին՝ ամառային հանգիստը կազմակերպելու համար, իսկ 13,4 միլիոն դրամը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ երեխաների՝ մարզերից ճամբարներ տեղափոխման տրանսպորտային ծախսերը հոգալու համար»,-հայտնեց Դումանյանը: