«Այս որոշումը որեւէ աղերս չունի իրավաբանության հետ». Չարչյանի պաշտպանները՝ դատարանի որոշման մասին
Վերաքննիչ քրեական դատարանի կողմից բժիշկ Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ կայացրած որոշումը ծաղր է իրավաբանության նկատմամբ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, դատարանի կայացրած որոշումից հետո լրագրողներին ասաց Չարչյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը։
Նշենք, որ Վերաքննիչ դատարանը Չարչյանին կալանքի տակ թողնելու որոշում է կայացրել։
«Տիկին Աբգարյանն իրականում պրոֆեսիոնալ դատավոր է եւ իրավաբան, սակայն ներկայացված որոշումը իրականում մեր համար անընդունելի է։ Այս որոշումը որեւէ աղերս չունի իրավաբանության հետ։ Սա միանշանակ քաղաքական երանգ պարունակող հանգամանքներ են, որոնք ստիպում են դատավորին նման որոշումներ կայացնելու»,- ասաց Ալեքսանյանը։
Անդրադառնալով դատախազության նկատմամբ իրենց հնչեցրած գնահատականին եւ դատախազության արձագանքին, թե փաստաբանները դուրս են գալիս էթիկայի սահմաններից, Ալեքսանյանը նշեց, որ գնահատականները բացառապես իրավական են. «Դատախազության նման գնահատականը անհիմն եմ համարում եւ կխնդրեմ վերանայեն իրենց մոտեցումները այս հարցի վերաբերյալ։ Ինչ վերաբերում է կոնկրետ դատախազին՝ գնահատականները եղել են զուտ իրավական դաշտում, եղել են արդարացված։ Վերահաստատում եմ իմ դիրքորոշումը նրա վարքագծի վերաբերյալ։ Թող դատախազությունը իր դիրքորոշումը մեր վարքագծի վերաբերյալ վերանայի, որովհետեւ մենք էլ շատ բան կարող ենք ասել իրենց վարքագծի վերաբերյալ, ուղղակի զսպում ենք մեզ»։
Պաշտպաններից Արամ Վարդեւանյանն ասաց, որ դատարանի կայացրած որոշումը իրավաչափ չէ. «Ամեն ինչ էլ ընկալելի է, բայց իրավաչափ չէ։ Բոլորս ասպեկտներով կարելի է այս ամեն ինչը հասկանալ՝ ճնշումներ դատավորների նկատմամբ, նոր որակի մոտեցումներ, բայց դրանցից յուրաքանչյուր կապ չունի իրավունքի հետ։ Մենք եկել էինք Վերաքննիչ դատարան՝ արդարադատության ակնկալիքով։ Դատարանի կողմից բոլոր այն հարցադրումները նիստերի ընթացքում, որոնք հնչում էին, բացառապես մեկ օբյեկտիվ դիտորդի մոտ տպավորություն պետք է թողնեին, որ կալանավորումը որպես խափանման միջոց պետք է վերացվեր»։
Վարդեւանյանի խոսքով՝ այս որոշումը քաղաքական հետապնդման ագրեսիվ դրսեւորում է. «Ինչքան էլ ճնշումները կատարեն, ինչքան էլ այս ապօրինությունները շարունակեն, վստահ եղեք՝ Արմեն Չարչյանը լինելու է ազատության մեջ»։