Հայաստանում օգտագործվում է Եվրոպական արտադրության եւ Եվրոպայում ընդունելի AstraZeneca պատվաստանյութը, իսկ տարբեր AstraZeneca-ների մասին խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, որոշ քաղաքացիների, մասնավորապես, Մարկ Գրիգորյանի մոտ առաջացած խնդիրների պատճառը ոչ թե պատվաստանյութն է, այլ՝ պատվաստման սերտիֆիկատների փոխճանաչման հետ կապված տեխնիկական գործընթացները:

«Վերջերս Եվրոմիությունը ընդհանուր որոշում կայացրեց, որ Հայաստանից պատվաստումները եւս կդառնան ընդունելի տարբերակ Եվրոմիության երկրների մուտքի համար: Դրանից հետո Եվրոմիության ամեն մի երկիր պետք է սկսի գործընթացը ավելի տեխնիկական հատվածի, թե ինչպես դա պետք է արվի: Եւ մենք ԱԳՆ-ի հետ միասին իհարկե աշխատում ենք, որ տարբեր երկրներ ճանաչեն մեր սերտիֆիկատների ֆորմատները, եւ ոչ միայն իրենք են ճանաչում, այլ նաեւ մենք ենք ճանաչում», - ասաց նախարարի պաշտոնակատարը:

Նրա խոսքով, այս գործընթացի միջով այս պահին անցնում է ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ բազմաթիվ այլ երկրներ, այդ թվում՝ հենց Եվրոմիության երկրները:

Պարզելու համար, թե որ երկրներն են այս պահին արդեն հաստատել հայաստանյան սերտիֆիկատների տարբերակները, իսկ որոնք են դեռ պրոցեսի մեջ, Անահիտ Ավանեսյաանը խորհուրդ տվեց դիմել ԱԳՆ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն