Ինչպես հայտնի է, այս օրերին մի խումբ երիտասարդներ կազմակերպել են Աղավնոյի ինքնապաշտպանությունը: Նրանք վստահ են, որ եթե գոնե 500 հոգի իրենց ընտանիքներով գնան Աղավնո, բեկում կմտցնեն:

Թե ինչի կհանգեցնի Աղավնոյի ինքնապաշտպանությունը, մամուլում մի քանի սցենարներ են շրջանառում: Մասնավորապես, սցենարներից մեկն այն է, որ նրանց այնտեղից դուրս կբերեն ուժով՝ դա կանեն կա՛մ ռուս խաղաղապահները, կա՛մ Արցախի անվտանգության կառույցները: Արդյունքում այդ էմոցիոնալ ֆոնի վրա կկառուցվեն քաղաքական գործողություններ, որոնք հետո թերևս կմարեն, պարզապես Աղավնո մեկնած մարդիկ կդիտվեն անձնուրաց, նվիրյալ, հայրենասերներ, քաղաքական դիվիդենտներ կշահեն, իսկ նրանց չմիացողները կգնահատվեն դավաճաններ, հանձնողների հանցակիցներ, ժեխեր:

Այս օրերին իր ընտանիքով Աղավնոյում է գտնվում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը, որն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Հիմնականում քաղաքական դաշտում տիրում է այս վիճակը՝ անխտիր բոլորն անում են կոչ ու դատապարտող հայտարարություններ, բայց մենք մինչեւ այսօր չհասկացանք, որ խնդիրը Երեւանում արդեն չի լուծվում: Երկու տարի ժամանակ ունեինք, լուծվե՞ց Երեւանում խնդիրը, թե՞ չլուծվեց: Այստեղ արված է հստակ քայլ՝ կա՛մ միանում եք իրականում գործող քայլին, կամ ընդհանրապես չխոսեք Արցախի՝ ինչ-որ արժեք լինելուց: Եթե ունեք ինչ-որ մտահոգություններ, շատ բաներ կան, որ ես հեռախոսով կամ տեսաուղերձներում չեմ կարող ասել: Եթե ձեզ համար թանկ է այս ամեն ինչը, խնդրում եմ վեր կացեք եկեք այստեղ, ես ձեզ կհիմնավորեմ իմ ասածը: Սա որեւէ կերպ չի կարելի խառնել էմոցիոնալ, հայդուկային շարժման հետ, սա հստակ պետականամետ գործողություն է՝ խիստ ռացիոնալ: Բնականաբար, ռիսկերից զերծ չի, ինչպես ցանկացած գործողություն: Եթե ինչ-որ մեկին իրականում հետաքրքիր է այս ամեն ինչը, կարող են գալ այստեղ, ես մանրամասն կբացատրեմ գործողությունների պլանը:

Բայց եթե հիմար դեմքով զբաղվում են  վերլուծություններով, որոնցով արդեն 2-3 տարի անպտուղ զբաղված են, դրա փոխարեն ես ասում եմ՝ մինչեւ մնացած փուլերին անցնելը, մինչեւ ամսի 25-ը կարողանո՞ւմ եք գալ այստեղ ձեր ընկերուհու, ընկերոջ հետ ու 10 օր գյուղական կյանքով ապրեք: Այստեղ ամենեւին արկածախնդրություն չկա: Մինչեւ օգոստոսի 25-ն է վերջնաժամկետը, ես դրանից այն կողմ մնալու մասին բան ասե՞լ եմ: Մինչեւ 25-ը եկեք քաղաքացիական կյանքով ապրեք այստեղ, 25-ից հետո խնդրեմ, թողեք գնացեք: Եթե կա նույնիսկ 2% շանս, որ մենք կարող ենք հաջողել, չարժե՞ պետության, պետականության համար ինչ-որ մի ժամանակ դուրս գալ հարմարավետության  գոտուց: Այն մարդիկ, որոնք մտահոգված են, թե մենք կարող ենք տանել արկածախնդրության, խորիմաստ վերլուծության փոխարեն կարո՞ղ են գալ այստեղ, մեզ բացատրել, որ մենք այս հսկայական բնակչությանը չտանենք արկածախնդրության: Թե՞ դիվանից, ինտերնետի դիմացից ավելի հեշտ է: Եկեք մարդկանց ասեք, որ դուք ականապատ դաշտում եք, կարող է մենք էլ չենք հասկանում, եկեք մեզ համոզեք, այստեղից տարեք: Քայլն արված է, կոչերի ժամանակն էլ անցել է»:

Սցենարներից մյուսն այն է, որ Աղավնոյի ինքնապաշտպանությունը մեծ էսկալացիայի կհանգեցնի, որտեղ թե՛ Բաքուն, թե՛ նաեւ արդեն այլ դերակատարներ կփորձեն լուծել շատ ավելի լայն քաղաքական խնդիրներ: Կստացվի, որ հայկական կողմից հրահրվում է մեծ էսկալացիա, մեծ հավանականությամբ լարվածության այդ լայն ծավալման թե՛ պատասխանատվությունը կմնա մեզ վրա, թե՛ գինը:

Այս առնչությամբ Սուրեն Պետրոսյանն ասաց. «Խաղաղ բնակչությունը եթե ապրի իրենց տրված ժամկետի մինչեւ վերջը, կստացվի, որ էսկալացիա՞ ենք հրահրում, ագրեսի՞վ ենք: Սրանից բացի էլ առիթներ չե՞ն լինելու, դե եկեք բոլորս հանձնվենք ու ասենք, որ մենք խնդիր չունենք: Բայց մենք կանք: Ես կամ: Կապ չունի իշխանությունը գիտակցո՞ւմ է պետական շահը, թե՞ չէ, ես գիտակցում եմ ու իմ հետ պետք է հաշվի նստեն, ես պիտի ունենամ քաղաքական գործընթացների վրա ինչ-որ ազդեցություն: Անընդհատ էդ հանրային ճնշումներով, ողբի տրամաբանությամբ եկեք զիջենք ու վերջում քաղաքում երկու հատ օբյեկտ կբացենք, անունը կդնենք Աղավնո եւ Բերձոր, ուր կգնանք ամբողջ օրը հայդուկական երգել կլսենք: Դա՞ ենք մենք ուզում: Լավ, դա էլ չենք ուզում, թուրքը ինչ-որ մի տեղ կանգնելո՞ւ է: Թուրքը մեզ անընդհատ մեղադրում է, ապացույցներ է  ուզում բերի, թե Հայաստանը քրդական աշխատավորական կուսակցության հովանավորներից է եւ հող է պատրաստում՝ Սյունիք մուտք գործելու համար: Եթե մենք հիմա ոչինչ չենք անում, մենք ասում ենք, որ չունենք էլ ինքնություն, որպես նույնիսկ էթնիկ միավոր գոյություն չունենք, խղճացեք մեզ: Եթե ես իմանայի, որ դա օգուտ կտա, կասեի՝ եկեք անենք: Բայց կոտորելու են բոլորին անխտիր ու լինելու է 1915 թվից շատ ավելի վատ: Այն ժամանակ չունեինք պետականություն, հիմա ունենք ու սրանով մեր բոլոր պետականության բնազդները վերացնում ենք: Իսկ եթե մենք այստեղ ինչ-որ բան բեկենք, ունենալու ենք շղթայական ռեակցիա: Այն, որ մենք թույլ ենք, ոչ մի բան չենք կարող անել՝ մեծագույն միֆ է»:

Ուշագրավ է, որ այս օրերին Աղավնո են այցելել բազմաթիվ պատգամավորներ թե՛ Արցախի խորհրդարանի, թե՛Հայաստանի ընդդիմադիր խմբակցություններից ու բոլորը այսպես ասած իշխանության թելն են թելել. «Եկել են այստեղ, որ համոզեն, որ սա չի աշխատելու: Ոչ մեկը չի հավատում դրա արդյունավետությանը: Ես խորապես համոզված եմ, որ իրականում որեւէ մեկը նպատակ չունի Արցախը պահելու, ոչ թե կենացային մակարդակով, այլ՝ իրականում: Որովհետեւ բոլորի առաջին խոսքն է եղել, բոլորը եկել են ու ասել, թե սա ինչի չի աշխատի: Սա քայլ է, որը 180 աստիճանով կարող է բեկել իրավիճակը, չեն ասում՝ եկեք ուղղենք, շտկենք, մի բան անենք: Բոլորն եկել են ասելու՝ ընդհանրապես չի աշխատի, եկեք սուսուփուս միասին գնանք այստեղից : Չեն էլ ասում՝ բնակչությանն եք վտանգում, եկել են համոզեն, որ ես հետ կանգնեմ: Արգումենտները լսելուց հետո որեւէ մեկը չի ասել, որ դա չի կարող աշխատել: Արգումենտները լսելուց հետո եղել են նաեւ այսպիսի ցավոտ պատասխաններ, որ ասել են՝ դե հա, հնարավոր է, բայց երկու ամիս էլ պահեցինք, բա հետո՞: Հետո ինչ է լինելու: Այսինքն, մենք մեր հողի, մեր պետականության նկատմամբ մեր վերաբերմունքն ունե՞նք, թե՞ չունենք: Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ իշխանության եւ ընդդիմության համատեղ ջանքերով համակարգված ձեւով Արցախը հանձնվում է: Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ ու բոլորին կբացատրեմ՝ ինչու: Միայն գործողությունների բացակայությունը դա ապացուցում է, չհաշված, թե ես ինչ եմ տեսել այս մի քանի օրվա ընթացքում, ինչ վերաբերմունք եմ տեսել: Որտե՞ղ են ընդդիմադիրների գործողությունները, կոչե՞րը: Ես այստեղ եկել եմ իմ մանկահասակ երեխաների հետ ու ամենեւին արկածախնդիր մարդ չեմ ու սրբապիղծ չեմ, որ PR-ի համար իմ մանկահասակ երեխաների հետ գամ այնտեղ, որտեղ թուրքը կանգնած է օրինակ 500-600 մետրի վրա ու չգիտենք ինչ կլինի: Բայց եթե դու ասում ես, որ ինձ համար մի բանը արժեք է, այստեղ մի ձեւ կա չափելու՝ ի՞նչ ես պատրաստ դու դրա համար զոհաբերելու»:

Քննարկվող սցենարներից մեկն էլ, թե ինչի կբերի Աղավնոն չլքելը, այն է, որ եթե նույնիսկ թվացյալ Աղավնոն պահվի, Ադրբեջանը սա քարոզչական նպատակներով է օգտագործելու, որ տեսեք, կա ադրբեջանական վերահսկողության տակ անցած հայկական բնակավայր ու այդ մարդկանց ոչինչ չի սպառնում, ինչը հետագայում ավելի մեծ խնդիրներ է առաջացնելու: Այս առնչությամբ էլ Սուրեն Պետրոսյանը նկատեց, որ պաշտոնական Ադրբեջանի դիրքորոշման ջատագովները միայն կարող են իրենց քայլի մեջ այսպիսի վտանգ տեսնել. «Այդ մարդիկ, որոնք Ադրբեջանի պետական շահն են առաջ փորձում տանել, թե մենք այլ տարբերակ չունենք, ինչո՞ւ չեն ասում, որ նոյեմբերի 9-ի պայմանագիրը կատարվում է միակողմանի ու եթե այդ միակողմանիությունը  խախտենք, մենք ունենալու ենք էսկալացիա: Բայց այսպես թե այնպես մենք դա ունենալու ենք; Ես չեմ ուզում ապրել որպես հայ՝ առանց ինքնության: Եթե աշխարհին նայում ենք ստամոքսի պրիզմայով, հաստատ Հայաստանը առաջիկա 200-300 տարվա մեջ չի կարող ստեղծել ավելի լավ տնտեսական պայմաններ, քան ԱՄՆ-ն, այդ դեպքում ի՞նչն է ինձ պահում այս հողի վրա, վեր կկենամ, կգնամ ԱՄՆ, եթե ստամոքսս է կարեւոր: Մենք չհասկացանք, որ մենք խաղաղասեր չենք, մենք անօգնական ենք, զրկվում ենք ինքնությունից»: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն