Սևանի ջրածածկ անտառտնկարկների մաքրման համար ձեռք կբերվեն մեքենամեխանիզմներ
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 8-ի նիստում հաստատեց Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ մշակված նախագիծը, որով նախատեսվում է իրականացնել ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառման համար նախատեսված 208,238.5 հազար դրամ գումարի վերաբաշխում, որի շրջանակներում ձեռք կբերվեն համապատասխան մասնագիտացված մեքենամեխանիզմներ։
Ըստ հիմնավորման, Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքների իրականցման նպատակով՝ Շրջակա միջավայրի նախարարությունը համապատասխան ընկերության հետ 2019 թվականին կնքել է պայմանագիրը:
Պայմանագրի շրջանակում 2019-2021թթ. նախատեսվել էր մաքրել 750հա ջրածածկի ենթակա տարածք, սակայն մաքրման աշխատանքները կատարվել են ոչ պատշաճ։ Այդ իսկ պատճառով նախարարությունը նախաձեռնել է աշխատանքները իրականացնել անմիջականորեն «Սևան» ԱՊ» ՊՈԱԿ-ի միջոցով։ Այդ նպատակով նախատեսվում է ձեռք բերել սարքավորումներ, իրականացնել չմաքրված տարածքների մաքրման աշխատանքներ (մոտ 50 հա)։
Միաժամանակ, «Սևան» ԱՊ կողմից նշված տեխնիկան կներգրավվի նաև Սևանա լճի առափնյա տարածքների ջրածածկման ենթակա շենք-շինությունների ապամոտաժման աշխատանքներում, ինչն էականորեն կավելացնի ՀՀ պետական միջոցների ծախսման արդյունավետությունը։
Հետագա տարիներին նախատեսվում է մաքրման աշխատանքներն իրականացնել առաջանցիկ տեմպերով՝ զուգահեռաբար միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինասական միջոցների ներգրավմամբ, և Հայաստանի Հանրապետության 2021-2024թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ» միջոցառման համար նախատեսված ֆինասական միջոցների վերաբաշխման արդյունքում լրացուցիչ պահանջվող տեխնիկայի ձեռքբերման միջոցով։