«Եթե Թուրքիան ընտրի լարվածության ճանապարհը, պատասխան կստանա». Հունաստանի վարչապետ
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հունական «Kathimerini» թերթին տված հարցազրույցում խոսել է Թուրքիայի հետ հարաբերությունների և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հանդիպման մասին:
Միցոտակիսը հույս է հայտնել, որ այդ հանդիպումից հետո երկկողմ հարաբերությունների տեսանկյունից 2020-ի հետ համեմատ 2021-ի ամառը ավելի հանգիստ կանցնի: Նա միաժամանակ նշել է, որ հանդիպման ժամանակ Թուրքիայի հետ առկա խնդիրների պատճառները չեն հաղթահարվել:
«Մենք ասել ենք, որ կողմնակից ենք Թուրքիայի հետ լավ հարաբերություններին և դա 2 երկրի շահերից է բխում: Բայց եթե Անկարան ընտրի իրավիճակը լարելու ճանապարհը, ապա պատասխանը կստանա, դա կունենա իր հետևանքները: Հունաստանը թույլ չի տա, որ Թուրքիան միգրանտների խնդիրը զենքի վերածի»,- ասել է Հունաստանի վարչապետը: