ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Սերֆսայդ քաղաքում օրերս փլված 12-հարկանի բնակելի շենքի փլատակների տակ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող ջոկատները փրկարարական առաքելությունից անցնում են վերականգնման աշխատանքներին, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ այդ որոշման մասին անհայտ կորածների ընտանիքներին հայտնել է Մայամի Դեյդ շրջանի հրշեջ ծառայության պետի օգնական Ռաիդ Ժադալլահը՝ մասնավոր հանդիպման ընթացքում։

Սերֆսայդի քաղաքապետ Չարլզ Բերկետն ավելի ուշ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է, որ այսօրվա լուրերը չափազանց ծանր են։

«Մենք բոլորս 2 շաբաթ օրուգիշեր քրտնաջան աշխատել ենք կյանքեր փրկելու համար, սակայն այսօր փրկարարական աշխատանքներին ամենամոտ գտնվող անձանց փոխհամաձայնության արդյունքում հայտարարություն է հնչել այն մասին, որ ողջ մնացած մարդկանց գտնելու հավանականությունը հավասար է զրոյի», - ասել է քաղաքապետը՝ հավելելով, որ հակառակ նրան, որ փլատակների տակ ողջ մնացածներ գտնելու հավանականություն չկա, դեռևս կարող է հրաշք տեղի ունենալ։

Ըստ քաղաքային իշխանությունների՝ զոհերի թիվը հասել է 54-ի, անհայտ կորածներինը՝ 86-ի։

Որոնողափրկարարական աշխատանքներն ընթանում էին 12 ժամը մեկ հերթափոխով՝ Իսրայելից և Մեքսիկայից օգնության մեկնած անձնակազմերի աջակցությամբ։ Աշխատանքները մի քանի անգամ ընդհատվել են՝ այդ թվում նաև «Էլզա» արևադարձային փոթորկի պատճառով։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Սերֆսայդ քաղաքում 12-հարկանի բնակելի շենք է փլվել։ Հայտնի չէ, թե շենքի փլուզման ժամանակ քանի մարդ է եղել շենքում։ 

«Մենք պատրաստ ենք վատ լուրերի՝ հաշվի առնելով ավերածությունների ծավալը»,- ասել էր Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն