Մրցակցության հանձնաժողովը հերքում է մարդկանց տեսածը՝ պաշտպանելով օլիգարխներին. Պարսյան
Երեկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շաքարավազի շուկայի վերաբերյալ երկու հայտարարություն տարածեց՝ փորձելով հերքել մարդկանց տեսածը։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մասնավորապես՝ մրցակցության հանձնաժողովն իր ուսումնասիրության արդյունքում հանգել է, որ բավարար քանակությամբ շաքարավազ կա շուկայում և որոշ սուպերմարկետներ, խանութներ արհեստական պակասորդ (սահմանափակումներ) չեն ունեցել, իսկ գները չեն բարձրացել։ Ցավոք, հարկատուների փողերով պահվող պետական այս մարմինը հերթական անգամ մոլերցնում է հայ սպառողներին՝ սպասարկելով օլիգարխների շահերը։ Բերեմ կոնկրետ փաստեր՝
Առաջին․ մրցակցության հանձնաժողովն իր հայտարարության մեջ նշում է, որ իրենք ուսումնասիրել են միայն չփաթեթավորված (կգ-ով) շաքարավազի շուկան և արձանագրել, որ 370 դրամով շաքարավազ է վաճառվել սուպերմարկետների ցանցերում։ Մինչդեռ, իրականում խնդրի վերաբերյալ ահազանգած սպառողները հիմնականում հնարավորություն չեն ունեցել գնել չփաթեթավորված շաքարավազ, քանի որ դրանք վաճառատեղերում ուղղակի չկային։ Սա այն դեպքում, երբ չփաթեթավորված շաքարավազի բավարար քանակություն է եղել պահեստներում։ Իսկ 5 կգ-անոց պարկերով փաթեթավորված շաքարավազը վաճառվում էր 1 կգ՝ 445 դրամով։ Մրցակցության հանձնաժողով չի էլ պարզել, արդյո՞ք այս ընթացքում փոխվել են փաթեթավորված շաքարավազի գները։ Չփաթեթավորված շաքարավազի բացակայության պարագայում մարդիկ ստիպված են եղել գնել թանկ փաթեթավորված շաքարավազ, այն էլ որոշ սահմանափակումներով։
Երկրորդ․ հանրության մոտ խուճապ տարածելու և գերշահույթ ստանալու նպատակով նույն սուպերմարկետները սահմանափակել էին փաթեթավորված շաքարավազի գնումը (չփաթեթավորվածը ուղղակի չկար)՝ թույլ չտալով 5 կգ-ից ավելի վաճառել։ Այս սահմանափակման պայմաններում մարդիկ ուշադրություն չեն դարձնում գնին, ուղղակի գնում են և շտապում տուն։ Ուշագրավ է, որ մրցակցության հանձնաժողովը չի հերքում, որ որոշ սուպերմարկետներում քանակական սահմանափակումներ (արհեստական պակասորդ) եղել են, որոնք արդեն վերացվել են։ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ սուպերմարկետները, խանութներն առհասարակ իրավունք չունեն արհեստական սահմանափակումներ մտցնել և հետո հանել այդ սահմանափակումները։ Տնտեսական մրցակցության պաշտպանության օրենքի 7-րդ հոդված 2-րդ մասի գ ենթակետի համաձայն՝ գերիշխող դիրքի չարաշահում է համարվում ի վնաս սպառողի շահերի ապրանքների ներկրման կամ արտադրության չհիմնավորված կրճատումը կամ ապրանքները պահելու, փչացնելու, ոչնչացնելու միջոցով ապրանքային շուկայում պակասորդի ստեղծումը կամ պահպանումը։ Սա նշանակում է, որ սահմանափակումներ կիրառած (շաքարավազը պահած) խոշոր սուպերամարկետներն առերևույթ խախտել են մրցակցության օրենսդրությունը։
Հիշեցնեմ, որ շաքարավազի շուկայում արհեստական դեֆիցիտի և բարձր գների մասին բարձրաձայնել եմ դեռևս հուլիսի 5-ին և միայն հանրային ճնշման արդյունքում են սուպերամարկետները վերացրել այդ սահմանափակումները, իսկ գները մնացել են բարձր։ Մինչ այդ մրցակցության հանձնաժողովը որևէ հրապարակային գործողություն չի իրականացրել․ ինչպես միշտ անգործություն էր ցուցաբերում։
Մրցակցության հանձնաժողովի անկախության և օլիգարխներին ծառայելու մասով իմ կարծիքը հրապարակավ ներկայացրել եմ 2020 թվականի փետրվարի 5-ին, ըստ որի՝ մեր ունեցած տեղեկատվության համաձայն՝ վերջին ամիսների ընթացքում հանրությանը հայտնի օլիգարխներից մեկը ազատ ելումուտ է անում մրցակցության հանձնաժողով, այն դեպքում, երբ առկա չէր մրցակցության հանձնաժողովի վարույթում գործ, ավելին այդ օլիգարխը որևէ իրավական կապ չունի գերիշխող դիրք ունեցող ընկերությունների հետ։ Հերթական այցի մասին տեսանյութ կա նաև համացանցում։ Բիզնեսի և պետական մարմիների միջև ոչ պաշտոնական և անվերահսկելի հարաբերությունները առաջին հերթին պետք է հետաքրքրի քաղաքական մեծամասնությանը։ Ավելացնեմ նաև, որ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի և նրա հարազատների հետ են կապվում այն ընկերությունները, որոնք զբաղվում են շաքարավազի արտադրությամբ, մեծածախ և մանրածախ վաճառքով։ Պարզ է, որ այս խախտումները կվրիպեն նաև իշխանությունների աչքից։ Նոր ձևավորվելիք խորհրդարանում քաղաքական մեծամասնություն ունեցող խմբակցության պատգամավորները ևս դժվար թե դատապարտեն մրցակցության հանձնաժողովի օլիգարխահաճո գործունեությունը՝ հաշվի առնելով, որ իրենց շարքերում կան հայտնի գործարարներ և օլիգարխներ։
Մրցակցության հանձնաժողովի վարած ջայլամային քաղաքականությունը հուշում է, որ այս կառույցին առնվազն չի կարելի վստահել որևէ տեղեկություն, մտքեր, և նմանօրինակ իրավիճակներում այլ տարբերակ չի մնում, քան բարձրաձայնել սպառողների շահերին հակասող խնդիրների մասին ու հանրային ճնշման միջոցով հասնել դրանց լուծմանը։ Իհարկե, խոսքս չի վերաբերում այն շարքային աշխատակիցներին, ովքեր վստահաբար տեսնում են իրենց ղեկավարության ցածր պրոֆեսնալիզմը և օլիգարխների հետ կապերը։
Հ․Գ․ Մրցակցության հանձնաժողովի անդամներից շատերին անձնապես չեմ ճանաչում, անձնական խնդիրներ էլ չունեմ։