Հայաստանի ըմբշամարտի բոլոր տարիքային հավաքականները փայլուն մրցաշրջան են անցկացրել՝ միջազգային մրցաշարերում նվաճելով 4 տասնյակից ավելի մեդալ
Հայաստանի ըմբշամարտի բոլոր տարիքային հավաքականները փայլուն մրցաշրջան են անցկացրել՝ միջազգային մրցաշարերում նվաճելով 4 տասնյակից ավելի մեդալ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը երեկ ընդունեց Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան ու երիտասարդական հավաքականների մարզիկներին, նրանց մարզիչներին և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավարությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց ըմբիշներին ու նրանց մարզիչներին՝ ընդգծելով, որ նվաճած մեդալների թիվն արդեն իսկ վկայում է փայլուն աշխատանքի մասին. «Շնորհակալ եմ բոլորիդ մեզ հաղթական և հուզումնալից էմոցիաներ պարգևելու համար: Ցանկանում եմ, որ մեր բոլոր զգացողությունները կապված լինեն միայն նմանօրինակ հաղթանակների հետ: Դրանք հիմք են ավելի մեծ՝ ազգային հաղթանակների համար: Դուք մեր հարստությունն ու ապագան եք: Վստահ եմ՝ մեզ բոլորիս հպարտանալու դեռ շատ առիթներ եք պարգևելու: Առանձնահատուկ երախտագիտությունս եմ հայտնում մարզիչներին, որոնց լավ աշխատանքի արդյունքը տեսնում ենք գործնականում՝ այսքան մեդալների տեսքով»:
Ըմբիշները շնորհակալություն հայտնեցին ընդունելության համար և վստահեցրին՝ շարունակելու են բարձր պահել Հայաստանի մարզական պատիվը: Հանդիպման ընթացքում մարզաշխարհի ներկայացուցիչները նաև բարձրացրել են իրենց հուզող հարցերը։ Վահրամ Դումանյանը վստահեցրել է, որ ԿԳՄՍ նախարարությունն անելու է հնարավորը՝ պետական աջակցության ծավալներն ավելացնելու համար:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն էլ տեղեկացրել է, որ գործուն քայլեր են ձեռնարկվում ոլորտն առավել համակարգված դարձնելու ուղղությամբ. «Ցանկությունները և հնարավորությունները երբեմն չեն համընկնում, բայց վստահեցնում եմ, որ մարզիկների և մարզիչների նկատմամբ վերաբերմունքը արմատապես փոխվելու է դեպի լավը: Հատկապես անձնական մարզիչները չպետք է իրենց անտեսված զգան: Այժմ տարվում են համապատասխան աշխատանքներ, որպեսզի ոչ միայն ըմբշամարտի, այլև մյուս մարզաձևերի բոլոր տարիքային խմբերի լավագույն մարզիկները և նրանց անձնական մարզիչներն իրենց առավել գնահատված զգան: Հավաստիացնում եմ, որ բոլոր կարգավորումները լինելու են հօգուտ մարզիչների և մարզիկների»: