Ռուսաստանի ՊՆ պատվիրակությունը կժամանի Հայաստան՝ քննարկելու ռազմական համագործակցության խորացմանն ուղղված ծրագրերը
Հուլիսի 8-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հետ:
Զրուցակիցները քննարկել են իրադրությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի հայ-ադրբեջանական սահմագոտիներում և դրա հանգուցալուծման ուղիները, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքը:
Վաղարշակ Հարությունյանն ու Վալերի Գերասիմովն անդրադարձել են հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացմանն ուղղված երկկողմ ծրագրերի ու գործողությունների քննարկման նպատակով առաջիկա օրերին Հայաստան ժամանող ՌԴ ՊՆ պատվիրակության հետ նախատեսվող բանակցությունների օրակարգը, ինչպես նաև ՀՀ զինված ուժերում մեկնարկած լայնածավալ բարեփոխումների ընթացքը: