Եռակողմ բանակցություններ՝ Սիրիայի հարցով
Նուր-Սուլթանում ընթանում է Սիրիայի հարցով բանակցությունների 16-րդ փուլը, որին մասնակցում է Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան, գրում է РИА Новости-ն: Աստանայի ձևաչափի երաշխավոր երկրները համատեղ հայտարարության մեջ կարևորել են սիրիական Իդլիբում խաղաղության պահպանումն ու համաձայնագրերն ամբողջությամբ կյանքի կոչելը:
Կողմերը համաձայնել են, որ Սիրիայի հյուսիս-արևելքում երկարաժամկետ անվտանգության և կայունության ձեռքբերումը հնարավոր է միայն Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման շնորհիվ:
Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները նորից պնդել են, որ դեմ են Սիրիայի ռեսուրսների անօրինական բռնագրավմանը, շահագործմանն ու դրանց վաճառքից ստացված եկամուտների օգտագործմանը:
Բանակցող կողմերը դատապարտել են նաև Իսրայելի ռազմական հարձակումները Սիրիայում, դրանք համարելով միջազգային իրավունքի խախտում, որոնք պետք է դադարեցվեն:
Համատեղ հայտարարություններից բացի հնչել են նաև փոխադարձ մեղադրանքներ: Թուրքիայի նախագահ Էրդողանի պնդմամբ, Մոսկվան և Թեհրանը դադարել են կատարել Սիրիայում իրավիճակի կարգավորման մասին համաձայնագրերը:
Սիրիայում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևն էլ այն կարծիքին է, որ իրավիճակը Սիրիայում կկայունանա այդ երկրից թուրքական և ամերիկյան զորքերի դուրս գալուց հետո: Նա հույս է հայտնել, որ ամերիկյան զինուժի ներկայությունը Սիրիայի հյուսիս-արևելքում, թուրքական բանակի ներկայությունն էլ՝ հյուսիս-արևմուտքում, ժամանակավոր բնույթ են կրում և մոտ ապագայում է դրանք կհեռանան այդ տարածքներից: