Ռուբեն Ռուբինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալին է ներկայացրել անվտանգային իրավիճակը ԼՂ-ում
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 2-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչայի գլխավորած պատվիրակության հետ:
ԱԺ փոխնախագահը ներկայացրել է 2020 թ. Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում:
Նա ընդգծել է պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի, տեղահանված բնակիչների, Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման հետ կապված խնդիրների և սպառնալիքների վերացման անհրաժեշտությունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ստեղծված իրավիճակի հանգամանալից ներկայացման համար:
Ընդգծելով Հայաստանի և ՄԱԿ-ի միջև սերտ համագործակցության կարևորությունը՝ Միրոսլավ Յենչան փոխգործակցության շարունակության և աջակցության պատրաստակամություն է հայտնել:
Նշվել է նաև, որ ՄԱԿ-ը ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ:
Կողմերն անդրադարձել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: