Ուզբեկստանը և Ադրբեջանը ստորագրել են կարևոր էներգետիկ պայմանագիր
Ուզբեկստանն ու Ադրբեջանը ստորագրել են էներգետիկ ոլորտում համագործակցության խթանման կարևոր համաձայնագիր: Ըստ oilprice.com-ի՝ դա հաստատում է, որ կողմերը շարժվում են ավելի սերտ ինտեգրման, ձգտում են շրջանցել ռուսական առևտրային ուղիները:
Օգոստոսի 29-ին երկու երկրի էներգետիկայի նախարարությունները ստորագրել են ճանապարհային քարտեզ, որում ուրվագծվում են նրանց նպատակներն ու ծրագրերը մինչև 2023 թվականի վերջը:
Նախատեսվում է համատեղ նախագծեր իրականացնել նավթի ու գազի, նավթաքիմիական և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում՝ ասվում է Ուզբեկստանի էներգետիկայի նախարարության հայտարարության մեջ։
Կողմերը միասին կաշխատեն էներգետիկ նախագծերում ներդրումներ ապահովելու համար, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի և բնական գազի ոլորտներում, և միմյանց կփոխանցեն ջերմաէլեկտրակայանների կառուցման լավագույն փորձը:
Դա շատ կարևոր է հատկապես Ուզբեկստանի համար, որը ձգտում է հիմնանորոգել իր էներգետիկ հատվածը:
Ուզբեկստանը և Ադրբեջանը կմիավորեն նաև էներգետիկ շուկաների ազատականացման և սեփականաշնորհման վերաբերյալ տեղեկատվությունը: Սա ևս մեկ առաջնահերթություն է Տաշքենդի համար, քանի որ այն փորձում է թուլացնել պետական վերահսկողությունն այդ ոլորտի վրա՝ ներդրումներ ներգրավելու և ոլորտն ավելի արդյունավետ դարձնելու համար:
Ուզբեկստանի «Ուզբեկնեֆտեգազը» և ադրբեջանական ազգային էներգետիկ ընկերությունները, պարտավորվել են ավելի խորացնել գործընկերությունը՝ մշակելով համատեղ նախագծեր ածխաջրածինների որոնման ու արդյունահանման և կանաչ էներգիայի ոլորտում: