Մինչ մենք քննարկում ենք, թե ինչպես առաջ շարժվել՝ հաղթահարելու առողջապահության առջև ծառացած մարտահրավերները, հայ զինվորներն ու քաղաքացիական անձինք պայքարում են հայ ժողովրդի և իրենց կյանքի համար
«Մինչ մենք քննարկում ենք, թե ինչպես առաջ շարժվել՝ հաղթահարելու առողջապահության առջև ծառացած մարտահրավերները, հայ զինվորներն ու քաղաքացիական անձինք պայքարում են հայ ժողովրդի և իրենց կյանքի համար»:
Ադրբեջանի սանձազերծած ոտնձգություններին է անդրադարձել առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը` ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային կոմիտեի ամբիոնից:
Նախարարի առաջին տեղակալն իր խոսքում մասնավորապես նշել է.
«Հարգելի՛ գործընկերներ, նախքան քննարկվող բուն թեմային անդրադառնալը, ուզում եմ բարձրաձայնել, որ այսօր կեսգիշերին Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածից մի քանի ուղղություններով ձեռնարկել է լայնածավալ ռազմական հարձակում։ Ադրբեջանական զինուժը սկսել է ինտենսիվ հրետակոծել Հայաստանի քաղաքներն ու գյուղերը։ Հրետակոծություններն ուղղված են քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների, ներառյալ` առողջապահական ծառայությունների դեմ: Ռազմական հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 49 զոհ։ Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ վերջին չպատճառաբանված և չարդարացված ագրեսիան Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության և այլ միջազգային ակտերի հերթական կոպտագույն խախտումն է։ Ադրբեջանի միակողմանի գործողություններն իրական սպառնալիք են միջազգային խաղաղության ու անվտանգության համար և արժանի են միջազգային հանրության կտրուկ և ժամանակին արձագանքին»,-նշել է Լենա Նանուշյանը: