ԱՄՆ-ն զգալի ապացույցներ է տեսել, որ Ադրբեջանն է հրետակոծում ՀՀ տարածքը և վնասում ենթակառուցվածքները. Պետդեպ
Միացյալ Նահանգները տեսել է բավական ապացույցներ այն փաստի, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքը, լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում ասել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը։
«Ինչպես արդեն ասացինք՝ պետքարտուղար Բլինկենի հայտարարության մեջ նա կոչ էր արել Ադրբեջանի նախագահ Ալիևին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, դադարեցնել ռազմական ուժերի ներգրավումը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարևոր հարցերի կարգավորման գործում… Մենք զգալի ապացույցներ ենք տեսել, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքը և զգալի վնաս հասցնում Հայաստանի ենթակառուցվածքներին։ Սակայն ամենակարևորը մեզ համար այն է, որ երկու կողմերն էլ հանձնառու լինեն ռազմական գործողությունների դադարեցմանը և ավելի լայն համատեքստում ապաէսկալացմանը»,- նշել է Փրայսը։
Պատասխանելով հարցին, թե ինչպես է ԱՄՆ-ն վերաբերում այն փաստին, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին՝ միջամտելու հակամարտությանը՝ պետդեպի խոսնակը հայտարարել է. «Մենք կոչ ենք արել տարածաշրջանի բոլոր երկրներին՝ օգտագործել իրենց ազդեցությունը և կառուցողական քայլեր ձեռնարկել՝ հասնելու ռազմական գործողությունների դադարեցմանն ու ապաէսկալացմանը։ Իհարկե, դժվար է պատկերացնել, թե ինչպես հակամարտության մեկ կողմից օտար ուժերի ներգրավումը կարող է ծառայել այդ նպատակին, բայց կրկին պետք է նշեմ, որ մեր շեշտը բռնություններին վերջ դնելու վրա է»։