Էրիկ Սաղաթելյանը՝ Սամբոյի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն
Սերբիայի Նովի Սադ քաղաքում մեկնարկել է Սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որն անցկացվում է երեք տարիքային խմբերում՝ պատանիներ, երիտասարդներ, մեծեր: Այս անգամ մրցավայր էին ժամանել մարզիկներ Հին աշխարհամասի 24 երկրից:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնում են, որ Սամբոյի միջազգային ֆեդերացիայի գործկոմի որոշմամբ` Ռուսաստանի և Բելոռուսի մարզիկները հանդես են գալիս ոչ թե իրենց երկրների, այլ՝ Սամբոյի միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո՝ FIAS-1 և FIAS-2 պայմանական անուններով:
Մրցումների առաջին օրը մրցագորգերում պայքարեցին պատանիները: Հայաստանի հավաքականի 4 մարզիկ արժանացան մեդալների:
Աղջնակների 47 կգ քաշային կարգում Աննա Այվազյանին բաժին հասավ բրոնզե մեդալ, տղաների 53 կգ քաշային Ռոբերտ Սիմոնյանը և 98 կգ քաշային Աղվան Պետրոսյանը գրավեցին երկրորդ տեղը, իսկ գերծանր քաշային Էրիկ Սաղաթելյանը հաղթեց բոլոր գոտեմարտերում և դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն:
Վաղը կմրցեն երիտասարդները: