ՄԱԿ-ում առանձին երկրներից ավելի ակնկալիքներ ունեինք, որոնք ոչ այնքան արդարացան. ԱԳ նախարար
ՄԱԿ-ի ԱԽ նիստում երկրների ճնշող մեծամասնությունը ընդգծել են ուժի կիրառման անթույլատրելիությունը, Հայաստանի տարածքի անձեռնմխելիությունը, մինչև ներխուժումը տեղի ունեցած դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը, բազմիցս օգտագործվել է ագրեսիա տերմինը, կառավարության այսօրվա նիստում՝ ներկայացնելով ՄԱԿ-ի ԱԽ նիստի մանրամասները, նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա հայտնեց, որ սա թվով երկրորդ քննարկումն էր։
«Շատ հստակ ընկալում կա, որ սա ագրեսիա է, ներխուժում է ՀՀ տարածք, որ թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, որ ներխուժողը պետք է վերադառնա ելման դիրքեր»:
Ըստ Միրզոյանի՝ բազմաթիվ երկրներ քննարկումներում խոսել են նաև Արցախյան հիմնախնդրի մասին։
«Ադրբեջանի ղեկավարության թեզը, որը նրանք փորձում են շրջանառել, որ ԼՂ հիմնախնդիր չկա, ԼՂ չկա, երեկ իր համարժեք հակառակ արձագանքը ստացավ միջազգային հանրության կողմից: Սա միջազգային հանրության դիրքավորումն է, և մենք պետք է շարունակենք աշխատանքն այս ուղղությամբ»,-ասել է Միրզոյանը:
ԱԳ նախարարը գնահատանքի խոսքեր է հնչեցրել այն երկրների հասցեին, որոնք համարձակորեն դադարել են հավասարության նշան դնել ագրեսորի և ագրեսիայի թիրախի միջև.
«Բայց նաև պետք է խոստովանեմ, որ առանձին երկրների և երկրի դեպքում ունեինք ավելի ակնկալիքներ, և թերևս նաև գաղտնիք չէ, որ որոշ դեպքերում ոչ այնքան արդարացան: Ավելին թույլ տվեք չմանրամասնել»,- հավելել է ԱԳ նախարարը: